03.06.2017

  1. Գտիր բայերը, որոշիր սեռը.
     

    ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ/ Չարենց

    Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
    Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
    Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
    Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
    Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
    Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
    Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց, —
    Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
    Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
    Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
    Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
    Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
    Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
    Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
    Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
    Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

2. Բայի կազմությունը։

  1. Կրավորական ածանց և կրավորական բայ։ 
  • Լույսը բացվեց։ Դուռը բացվեց քամուց։ Եղանակը գժվել է։ Անձրևը կտրվեց։ Այգին կտրվել է այգեպանների կողմից, մաքրվել մացառներից։

2. Պատճառական ածանց (-ացն, -եցն,-ցն)
Հագնել-հագցնել, մտնել-մտցնել, խոսել-խոսեցնել։
Պատճառական ածանց և պատճառական բայ։ Պատճառական բայերի կազմությունը տալ բայի միջոցով. կարդալ-կարդալ տալ, վարել տալ, աղալ տալ։

  • Բոլոր պատճառական բայերը ներգործական սեռի են։
  • Բոլոր պատճառական բայերը ե խոնարհման են։
  • Սովորաբար պատճառականի երկու ձևերը միաժամանակ չեն օգտագործվում, բայց եթե կրկնակի պատճառականություն կա, տնարավոր է։ Օրինակ՝
    Հորեղբորս մի բաժակ օղին խոսեցնել էր տալիս։- սխալ է, որովհետև խոսեցնողը հենց օղին է։
    Աշոտ Երկաթը կուրացնել տվեց իր աներոջը՝ ապսհամբելու համար։ — ճիշտ է, որովհետև Աշոտ երկաթը պատճառ դարձավ, որ կուրացնողը պատճառ դառնա, որ իր աները կուրանա։
  • Հարցնել, լցնել, եզրակացնել բայերը պատճառական չեն։  
  • Անցյալ կատարյալի հիմքում ավելորդ ածանց չի կարելի թողնել.
    խաղացրեցի, փախցրեցի, մոտեցրեցի- սխալ ձևեր են.
    Խաղացրի, փախցրի, մոտեցրի — ճիշտ ձևեր են։

3. Բազմապատկական ածանց (-ատ, -ոտ, -կոտ, -տ, -կռտ, -կլտ, -կտ, -լտ)

Ցույց է տալիս բազմապատիկ անգամ կատարվող գործողություն. —կոտրատել, թռչկոտել, կտրտել, ճխլտել, հեծկլտալ, կայծկլտալ։

Չշփոթել կեղտոտել, մրոտել, փոշոտել— ածականակերտ —ոտ ածանցի հետ։

4. Սոսկածանցներ- (-ան, -են, -ն, -չ)
Սրանք միայն՝ սոսկ ածանցներ են։ Ոչ մի իմաստային դեր չունեն, բայց խոնարհման ժամանակ իրենց զգալ են տալիս։

Սուգելու համար, բայի մեջ առկա ան, են, ն, չ հնչյունները ածանց են, թե արմատի մաս, հարկավոր է դարձնել բայը անցյալ կատարյալ ձևի։
Ինչ անել (անորոշ)                                       Ինչ արեց(ի)

  • մոտենալ                                                   մոտեցա
  • մեծանալ                                                   մեծացա
  • մտնել                                                        մտա (դուրս է եկել)
  • գտնել                                                        գտա (դուրս է եկել)
  • թռչել                                                         թռա (դուրս է եկել)
  • հանգչել                                                    հանգա (դուրս է եկել)
  • կառչել                                                      կառչեցի
  • հաչել                                                        հաչեցի
  • խնդրել                                                    խնդրեցի

ան, -են սոսկածանցները դառնում ան —աց, -եց, իսկ ն, չ սոսկածանցները դուրս են գալիս։ Եթե չեն փոփոխվել, ուրեմն սոսկածանց չեն։ 

Պարզելու համար՝ բայն ունի սոսկածանց, թե՝ չէ, հարկավոր է դարձնել անորոշ (ինչ անել)։

Բայածանց չունեցող բայերը, անկախ արմատների կամ այլ ածանցների քանակից, համարվում են պարզ բայեր։

Առաջադրանք 1.
Գտնել բայերը, որոշել դրանց խոնարհումը (ա թե՞ ե), սեռը, կազմությունը։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

 

Առաջադրանք 2.

  • Մեկնաբանիր երկրորդ քառատողը։ Ի՞նչ ի նկատի ունի՝ «Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով» արտահայհությամբ։
  • Ի՞նչն է բանաստեղծության մեջ սիմվոլիզմի արտահայտություն։
  • Մի քանի նախադասությամբ տպավորությունդ գրիր այս բանաստեղծության մասին։ Բանաստեղծությունը սովորիր անգիր։