Շաբաթվա առաջադրանքները՝ 18-21.04.2017
Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը»։ Պատասխանիր հարցերին.
- Մայր ձին զգո՞ւմ էր վտանգը։ Ինչո՞վ էր հիմնավորված այդ զգացողությունը։
- Մայր ձին ինչի՞ կամ ո՞ւմ համար էր անհանգստացած։
- Քանի՞ տարեկան էր մտրուկը։
- Գայլը վախենո՞ւմ էր ձիուց։ Պատասխանդ հիմնավորիր պատմվածքից քաղած տողերով։
- Քո կարծիքով գայլը չա՞ր է։ Իսկ հեղինակի՞ կարծիքով։ Հիմնավորիր կարծիքդ պատմվածքից քաղած տողերով։
- Ինչի՞ համար էր անհնգստանում գայլը։
- Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր ձին կապած։
- Շներն օգնեցի՞ն ձիուն։
- Քո կարծիքով կարմիր ձին հաղթեց, թե՞ պարտվեց։
- Ի՞նչ է նշնակում «պայքարել»՝ ըստ քեզ։
- Հանուն ինչի՞ ես դու պատրաստ պայքարելու մինչև մահ։ Էսսե գրիր՝ «Կյանքը պայքա՞ր է» վերնագրով։
Լեզու
- Սովորիր ստորև գրված բառերի ուղղագրությունը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։ Տեղեկություններ գտիր Հրաչյա Ներսիսյանի մասին, տեղադրիր քո բլոգում։
Առնացի, մեղմել, տաճիկ, գանակոծություն, գնդացրային տեսչություն, կաս-կարմիր, կռահել, զգացվել, հովանավորել, վեհանձն։
Հատուկ անուններ
Հրաչյա Ներսիսյան, մայոր Բարելլա
- Տեղեկություններ գտիր Հրաչյա Ներսիսյանի մասին։
ՀԱՏՈՒԿ
- Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի այս հատվածը։
- Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
- Պատասխանիր հարցերին և կատարիր առաջադրանքները.
- Ի՞նչ կար կանաչ դաշտում։ Տեքստից գտիր ու ներկիր բնություն նշանակող բառերը։
- Ինչի՞ց էր անհանգստանում կարմիր պառավ ձին։
- Ինչո՞ւ էր զայրանում ձին։
- Գտիր ու ներկիր այն տողերը, որտեղ խոսվում է հովտի ձայների մասին։
- Գտիր ու ներկիր քուռակին նկարագրող տողերը։
- Գտիր ու ներկիր այն տողերը, որտեղ երևում է, թե ինչ գիտի կարմիր պառավ ձին։
- Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է լինելու հետո։ Գրիր մեկ նախադասությամբ։
Կանաչ դաշտը. Հրանտ Մաթևոսյան
Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը: