Հեռավար ուսուցումը 2017-18-ին

Հաշվետվություն

2017-2018 թվականին վարել եմ հեռավար ուսուցման «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը տարբեր ժամանակներում ու ժամկետներով ներառված շուրջ 25 սովորողի հետ, որից 15-ը 9-12-րդ դասարանցիներ էին։

Եղել են երկարաժամկետ սովորողներ (1, 2, 3) կարճաժամկետ՝ 1-2 ամսով սովորողներ (Հովակիմյան Արթուրը, Ազատյան Անին) և նրանք, որ ընդհատել են հեռավար ուսուցումը տարբեր պատճառներով (Գալստյան Էդիտան, Դանիելյան Յուրին, Միլենան, Նիզիբլյան Ամասիան և այլն)։

Եղել են նաև անպարտաճանաչ սովորողներ, որ ընդհանրապես չեն պատասխանել, կամ շատ հազվադեպ են պատասխանել։

Աշխատել ենք ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ google drive-ի, «վայբերի», «սկայպի» միջոցով։ Անմիջապես շփումով դասերը տևել են շուրջ 60 րոպե (շաբաթը 3 անգամ), իսկ նամակագրությամբ հաղորդակցվել ենք անմիջապես նամակն ստանալուն պես։ Քանի որ, դա հասկանալով, որոշ սովորողներ սկսեցին ուշ-ուշ պատասխանել, ես էլ նամակում նշում էի առաջադրանքը կատարել-ուղարկելու ժամկետը։ Ստուգել, նկատառումներն անելն ու նոր առաջադրանք ուղարկելը  նույնպես տևում էր շուրջ 1 ժամ, նամակների քանակը գրասենյակի ղեկավարի մոտ է գրանցված։

Հեռավար ուսուցման համար հավաքել եմ առաջադրանքների փաթեթ, որը լրացվել է, իսկ օգտագործելիս հարմարեցվել ամեն սովորողի։ Ունենք նաև կարճաժամկետ նախագծերի փաթեթն ու այս տարվա արդյունքները։

Ընդհանրապես կարծում եմ՝ հեռավար ուսուցումը անհատական պարապմունք է գոնե գրականության ուսումնասիրմանը վերաբերող հատվածով։ Ամեն սովորողի հետ քննարկում ես ստեղծագործրություններն ըստ իր ընկալումների, հարցեր ես տալիս՝ ելնելով կոնկրետ սովորողի ընկալումից, կանգ ես առնում նրա համար հնարավոր ամենաբարձր (ըստ աշխատանքի արդյունքների) կետում։ Դա լուրջ, աշխատատար և թանկ աշխատանք է։

Որպեսզի հեռավար հանրակրթությունն իր նպատակին ծառայի, առաջարկում եմ

  1. ներգրավել միայն սովորել ցանկացող երեխաներին
  2. հնարավորություն տալ՝ ընտրելու ոչ բոլոր առարկաները
  3. վարձը սահմանել աշխատանքին համապատասխան։
Advertisements