04.04.2018

  1. Հրամայական եղանակ, բուն և արգելական հրամայականներ։ Առանձնահատկությունները։ Հրամայական իմաստ արտահայտող ուրիշ եղանակներ (ըղձական, սահմանական, հարկադրական)։
  2. Գտիր հրամայական եղանակի բայերը, որոշիր՝ բուն հրամայական են, թե՝ արգելական։
    Երբեք ցույց մի տուր, որ հետաքրքրված ես։ Թող իրեն թվա՝ ինքը քեզ ընտրեց։ Թող մոտենա, զգա քո հոտը…
    Հանկարծ նկատիր։ Թեթևակի ժպտա, էնպես, որ վստահ չլինի, որ իրեն է ուղղված։ Երբ տեսնես, որ երկրորդ ժպիտը կորզելու ջանքեր է անում, խրախուսիր, բայց ոչ անմիջապես։ Թող ամեն մի ժպիտին, ուշադրությանը, շոյանքին արժանանա, ջանք թափի դրանց համար։ Որ քեզ չմոռանա, քո հոտով շրջապատիր նրան. մոտը թող իրերիցդ, օծանելիքդ շաղ տուր իր իրերի վրա։ Էնպես արա, որ նույնիսկ երբ միասին չեք, զգա քո ներկայությունը և անհանգստանա բացակայությունից։

    Հանգամանքներն այնպես դասավորիր, որ քեզ փնտրելու առիթներ ունենա և ուրախանա, երբ գտնի։ Ամեն մի հաջողություն (նույնիսկ քո կազմակերպածը) խրախուսիր։ Դա նրան սխրանքների կմղի։
    Մի պատժիր, երբ քեզ մոտ է եկել։ Քո կողքին միշտ պիտի դրական զգացումներ ունենա։ Որքան էլ զայրացած լինես, վերադարձը խրախուսիր։
    Հետո աստիճանաբար խրախուսանքը դարձրու համակարգված։ Էնպես արա, որ համապատասխան ժամերին սպասի քո ուշադրությանը։ Հենց զգաս, որ ուշադրությանդ պակասը նյարդայնացնում է, հասցրու հուսահատվելու եզրին, բայց մի թող, որ հուսահատվի։

    Կանչիր նրան քնքուշ ձայնով։ Քո ձայնի մեջ պիտի ջերմություն զգա, ապահովության խոստում։ Քո ձայնը նրան պիտի հավատ ներշնչի, որ սիրված է։ Պիտի վստահ լինի, որ իր ուժի կարիքն ունես, ու ինքը վտանգի դեպքում կպաշտպանի քեզ։

    Մտերմության համար իրեն արժևորիր։ Այնպես արա, որ քեզ մի ծառայություն մատուցի՝ մի դատարկ բան։ Երբ անում է, ուրախություն արտահայտիր, պարգևատրիր, գովիր, քնքշանք շռայլիր։ Բայց՝ միայն մի անգամ։ Հաջորդ անգամ ավելի զուսպ եղիր, որ ջանք թափի։ Թող դա լինի նրա հոգսը, զբաղմունքը, կյանքի իմաստը…
    Թոկն աննկատ վիզը գցիր։ Նախ գովիր, կերակրիր, շոյիր։ Թող կապվածությունն իրեն քաղցր թվա։ Էդպես հեշտ կտանի, աննկատ կվարժվի դրան։
    Երբ միասին դուրս եք գալիս, թոկը թույլ թող, այնքան, որ չզգա` կապված է։ Եթե նույնիսկ վտանգավոր բան ես զգում, մոտեցրու այդ վտանգին. ինքդ հետը գնա, թող կարծի, թե միասին հաղթահարում եք։
    Կռիվներն անխուսափելի են։ Կռիվներ կարող են լինել հենց հանուն քեզ։ Դու դարձիր նրան ոգևորողն ու պաշտպանողը. ինքն իրեն պիտի նաև խնայել իմանա, որպեսզի քեզ շատ անհանգստություն չպատճառի։

    Ընդհանրապես, դրսում ազատության պատրանք ստեղծիր. գնա հետը, ուր ուզում է գնալ կամ այնքան թույլ թող կապը, որ կարծի, թե կգնա, եթե ուզի։ Ազատությունը կաշառող բան է։ Ազատության փոքր չափաբաժինները կներշնչեն վստահություն իր դրության և սեր քո նկատմամբ։ Թող գնա, եթե անգամ քեզ մրցակից-վտանգ ես տեսնում։ Թող շփվի, թող վերցնի այն, ինչ քեզնից վերցնել չի կարող։ Բայց հայացքդ միշտ վրան պահիր։ Իրեն նայելով՝ կզգաս՝ որտեղ վտանգ կա, որտեղ՝ հետաքրքրություն, որտեղ՝ համեմատություն։ Երբ զգաս, որ ամեն դեպքում, ուր էլ գնա, վերադառնում է դեպի քեզ, ուրեմն՝ վերջ. դու դարձել ես նրա ապաստանը, հույսը, հավատն ու տունը։ Նրա համար միակ հարազատն ես, անփոխարինելին՝ անվերապահը…

    Այդ ժամանակ կարող ես նաև թոկը հանել վզից, լրիվ ազատ թողնել կապից։ Կապից՝ այո, բայց հայացքդ, չմոռանաս, հայացքդ՝ միշտ վրան…

    Այ, այսպես են վարժեցնում…. շանը։

  3. Ըղձական եղանակ։ Պայմանական և հարկադրական եղանակներ։ Պայմանականի ժխտականի կազմությունը։ Անդրադարձ բաղադրյալ և պարզ ժամանակաձևերին։
  4. Գտիր ըղձական, պայմանական և հարկադրական եղանակի բայերը, որոշիր ժամանակը։

***

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

***

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

***

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

***

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

***

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

***

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

***

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Advertisements