02.19.2019

Տրված տեքստերից ընտրիր.

  1. Բայերը, որոշիր քեզ ծանոթ քերականական հատկանիշները (խոնարհումը, դիմավոր-անդեմ լինելը, սեռը, կազմությունը, եթե դիմավոր է, դեմքը, թիվը, ժամանակը, եթե անդեմ է, դերբայական ձևը)
  2.  Գոյականները, որոշիր թիվը, հոլովը, հոլովումը
  3. Դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովվող է, հոլովը և հոլովումը։

Շառլ Բոդլեր

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

թարգմ. Վ. Տերյան