Հնչյունաբանություն

Գծիկով, միասին և անջատ գրվող բառեր

Գծիկով գրվում են՝

 

  1. կրկնավոր բարդությունները՝ արագ-արագ, կաս-կարմիր, երկու-երկու,
  2. միևնույն հոլովով դրված բաղադրիչները՝ համով-հոտով, տնից-դռնից,
  3. միաժամանակ գործածվող չափման միավորները՝ կիլոմետր-ժամ,
  4. միևնույն խոսքի մասին պատկանող հոմանշային, հականշային, առնչակից հարաբերություն ունեցող բառերից կազմված բաղադրությունները՝ ուտել-խմել, ամառ-ձմեռ, տուն-թանգարան, հարավ-արևելք,
  5. տարբեր կողմեր անվանող բառերով կազմված բաղադրությունները՝ հայ-ռուսերեն, չին-տիբեթական
  6. Տեր և Մելիք բաղադրիչներով կազմված ազգանունները՝ Տեր-Գրիգորյան,
  7. ինչ դերանունով կազմված անորոշություն արտահայտող բառերը՝ ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ-որ, դույզն-ինչ,
  8. ավանդաբար գծիկով գրվող մի շարք անուններ՝ Նար-Դոս, Սայաթ-Նովա:
 
Կից (միասին) գրվում են՝
  • հոդակապով միացած բաղադրիչները՝ գիտահետազոտազոտական,
  • քերականական քարացած ձևով բաղադրիչ ունեցողները՝ տնետուն,
  • մեկից մինչև իննսունինը թվերը՝ հիսունվեց,
  • գծիկով կամ անջատ գրվող բառերի՝ ածանցված ձևերը՝ հարավ-արևելք, բայց՝ հարավարևելյան, ամեն օր, բայց՝ ամենօրյա, մեջ բերել, բայց՝ մեջբերում:
 
Անջատ գրվում են՝

 

  • տարբեր հոլովաձևերով բաղադրիչները՝ տնից տուն, ուս ուսի
  • հարադրավոր բայերը՝ մեջ բերել, առաջ քաշել,
  • հարյուրից բարձր բաղադրյալ թվականները՝ հինգ հազյար, հարյուր յոթ,
  • կոտորակային թվականները՝ վեց յոթերորդ,
  • որոշիչ-որոշյալի կապակցությունները՝ բաց կարմիր, թղթակից անդամ,
  • որ, թե բաղադրիչներով բառերը՝ քանի որ, կարծես թե:
 
Գրաբարյան նախդիրների գրությունը`

 

  • ի-ն միշտ գրվում է անջատ՝ ի զորու, ի մի բերել, բացի իզուր, իսպառ, իհարկե բառերից,
  • առ-ը միշտ գրվում է կից՝ առօրյա, առընթեր, բացի առ այս, առ այն, առ այսօր, առ ոչինչ, առ աստված բառերից,
  • ընդ-ը միշտ գրվում է կից՝ ընդհանուր, ընդմիջել, բացի ընդ որում բառից,
  • ըստ-ը միշտ գրվում է անջատ, եթե բառամիջում չէ. ըստ ամենայնի (օրըստօրե)

 

Երկրորդ դաս. երկհնչյուններ

Երկհնչյունը յ կիսաձայնն է ձայնավորներից մեկի հետ։
Հայերենի երկհնչյուններն են. այ, յա, էյ, յէ, ույ, յու, ոյ, յո, յի։

Երկհնչյունները երբեմն գրվում են ուրիշ տառերով՝ երկձայնավորներով։ Այսպես՝

Յա-իա- ալելուիա, բամիա, դաստիարակ, խավիար, կրիա, հեքիաթ, փասիան, օվկիանոսակադեմիա, էներգիա, էքսկուրսիա, իշիաս, լաբորատորիա, միլիարդ, մումիա, քիմիա, Ազարիա, Անանիա, Բենիամին, Բունիաթ, Եղիա, Եղիազար, Երեմիա, Զաքարիա, Մարիամ, Մարիանա, Սուքիաս, Ամասիա, Անգլիա, Ասիա, Բոլոնիա, Եդեսիա, Իտալիա, Կիլիկիա, Մակեդոնիա, Շվեյցարիա, Սիսիան, Սոֆիա (քաղաքը) Վիկտորիա (աշխարհագրական անունը), Ուրմիա։

Ուշադիր՝ կանանց անունները գրվում են յա-ով. Ամալյա, Օֆելյա, Վիկտորյա, Ասյա և այլն։

Յա-եա — Անդրեաս, առօրեական, իդեալ, հրեա, միջօրեական, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, քվեատուփ, քվեարկել, քրեական, քրիստոնեական։

Յէ- իե — Գաբրիել, կարիերա, Մարիետ, պիես, պրեմիերա, Ջուլիետ, Վիետնամ։

Յո-եո — ամբիոն, ափիոն, բրաբիոն, Բյուզանդիոն, գիլիոտին, մարիոնետ, մարմարիոն, մեդալիոն, միլիոն, չամպիոն, ռադիո, Սրապիոն, տրիլիոն, օրիորդ։

Առաջադրանք 1

Բաց թողած տեղերում երկհնչյուն կամ երկձայնավոր գրիր.

միամս-կ, ատամնաբ-ժ, ս-նակ, ն-արդ, հա-լի, վա-լել, աներևակա-լի, հեծ-լ, գ-ժ, քար-ր, մի-ն, Ֆրանս-, տվ-լ, դաստ-րակ, առաք-լ, օվկ-նոս, այծ-մ, միլ-րդ, քր-կան, Վիկտոր- (անձնանուն), ռադ-տուն, քիմ-կան։

Առաջադրանք 2

Ներբեռնիր Ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին մասը ( Hayoc lezu 1). 1-11-րդ առաջադրանքների բոլոր բառերի բաց թողած տառերն ու տառակապակցությունները գրիր։

Դասի ավարտը

 

Սիրելի՛ սովորողներ, այս տարի պատրաստվելու են քննության, դրա համար խնայենք ժամանակը և փորձենք ամբողջացնել գիտելիքները քերականությունից։ Առայժմ կատարեք այն առաջադրանքները, որ պատրաստում եմ ձեզ համար։ Եթե ակտիվ աշխատենք, պարբերաբար նաև թեստ լրացնելում կվարժվենք։

Իսկ այսօր՝ առաջին դասը.

Հնչյունաբանություն բաժինը ներառում է ուղղագրությունը, ուղղախոսությունը, հնչյունափոխությունը, վանկատումը և շեշտը։ Սկսենք ուղղագրությունից։ Ուղղագրական խնդիր ունեն.

  • օ(ո), է(ե), ը ձայնավորները։ Գիտենք, որ բառասկզբում լսում ենք օ, գրում ենք օ։ Այդպես էլ է լսելիս գրում ենք Է։ Բացառություն՝ ով, ովքեր բառերը՝ օ-ի դեպքում, եմ, ես, ենք, եք են բառերը՝ է-ի դեպքում։ Բառամիջում լսվող օ-ն գրվում է ո տառով, բացի այն դեպքերից, երբ այդ օ-ն արմատի սկիզբ է. օրինակ՝ անօրեն -օրեն(ք), կեսօր-օր, հանրօգուտ-օգուտ և այլն։ Բառամիջում է լսելիս գրում ենք ե, բացի այն դեպքերից, երբ է-ն արմատի սկիզբ է (կարող է նաև վերջում լինել, որովհետև է-ն առանձին էլ բառ է, նշանակում «է էություն», «էակ»)։ Պետք է հիշել, որ ո-ն և ե-ն  օ, է։ Բայց եթե նրանց նախորդում է ձայնավոր հնչյուն, և իրենք արմատի սկիզբ են, կարդում ենք հենց վօ և յէ։ Օրինակ՝ արջաորս, ինքնաեռ և այլն։

Ը-ն բառասկզբում գրվում է ղ-ից, մ-ից և ն-ից առաջ  (բացառություն՝ ըստ), իսկ բառավերջում միշտ գրվում է, որովհետև որոշյալ հոդն է։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե արմատի սկիզբ է։

  • Եվ-ը ենթարկվում է գրեթե նույն կանոնին։ Այստեղ պետք է ուշադիր լինել վ-ի նկատմամբ։ Եթե վ-ն արմատի սկիզբ է, գրվում է եվ տառերով։ օրինակ՝ տարեվերջ-վերջ, գինեվաճառ-վաճառ(ք), ուղեվարձ-վարձ և այլն։ Եվ է գրվում նաև բառասկզբում, եթե բառը մեծատառով պիտի գրվի։ Այդպես գրվող հատուկ անուններից կազմված բառերում գրությունը չի փոխվում։ Օրինակ՝ Եվրոպա-համաեվրոպական, եվրոպացի։
  •  Յ-ն ուղղագրական խնդիր է առաջացնում, երբ լսվում է երկու ձայնավորների մեջ՝ դառնում է ձայնակապ։ Պետք է հիշել, որ երկու ձայնավորների մեջ լսվող յ-ն գրվում է միայն ա-ից և ո-ից հետո։ Բայց կան մի քանի բառեր, որ իրենց ուղիղձևում ա-ից, ո-ից հետո չեն և ավարտվում են յ-ով՝ Սերգեյ, թեյ և այլն։ Պարզ է, որ Սերգեյի, թեյարան բառերում յ-ն հայտնվել է ձայնակապի կարգավիճակով, բայց նա նաև վերջնահնչյուն է, դրա համար գրվում է։

Ուղղագրության կանոններից այս անգամ՝ այսքանը։

Առաջադրանքներ

  1.  Որտեղ հարկավոր է, գրիր ը.
    ակ-նբախ, ամենա-նդունակ, ալ-նտրանք, զուգ-նթաց, ակ-նթարթ, հյուր-նկալ, մթ-նկա, խոչ-նդոտ, գործ-նկեր, առ-նչվել
  2. Գրիր  է կամ ե.
    Ամենա-ական, քրիստոն-ություն, երև-ջ, ինչև-, հն-աբան, չ-իք, առ-ջ, պատն-շ, լայն-կրան, դող-րոցք, հն-աբան, նաօր-, մանր-, միջօր-ական, ան-անալ, գոմ-շ։
  3. Գրիր օ կամ ո.
    հն-րյա, փայտ-ջիլ, միջ-րեական, օրեց-ր, ան-րեն, տն-րինություն, հանապազ-ր, առ-րյա, ոսկեզ-ծ, աշխարհազ-ր, առ-րյա, ապ-րինի, նախ-րդ, վաղ-րոք։
  4. Գրիր եվ կամ և.
    ալ-որ, ձ-ույթ, ար-կա, թեթ-ոտն, հոգ-որ, եղր-անի, գոտ-որել, կար-որ, հոգ-իճակ, տար-երջ, հոգ-վարք, ոսկ-որել։
  5. Գրիր յ ձայնակապը՝ որտեղ անհրաժեշտ է
    -ջղա-ին, ժողովածու-ում, հեռակա-ել, է-ական, առքա-որդի, Սերգե-ի, թե-աման, հա-ելազարդ, բերմնացու-ի, Նա-իրի, երեխա-ի, խնա-ել, հետի-ոտն, դշխո-ական, մանգո-ի։