09.17.2018

Գրականություն.

«Սասունցի Դավիթ» էպոսի 2-րդ՝ «Մեծ Մհեր» ճյուղից գտիր հետևյալ հարցերի պատասխանները.

  • Քեռի Թորոսը Մհերին ուղարկում է Գորգիկ իշխանի մոտ։ Ի՞նչ նպատակով է ուղարկում։
  • Ինչո՞ւ որոշեցին, որ Մհերին ձի է անհրաժեշտ որսի գնալու համար։ Ի՞նչն էր խանգարում առաջվա նման վազելով որս անելուն։
  • Գորգիկ իշխանի երկրից վերադառնալիս մարդիկ նայում էին Մհերին և ծիծաղում։ Ի՞նչն էր այդ զվարճանքի պատճառը։
  • Ինչպե՞ս է Մհերը «Առյուծաձև» մականունն ստանում։
  • Ի՞նչ փորձություն է հաղթահարում Մհերը՝ Արմաղանի հետ ամուսնանալու համար։
  • Ինչպե՞ս է պատահում, որ Մհերը Մսրա Մելիքի հետ հաշտության պայման է կապում և ինչ պայման էր դա։
  • Ինչո՞ւ է Արմաղանը երդվում, որ Մհերին չի ընդունի որպես ամուսին, եթե նա գնա Մսր։
  • Ինչո՞ւ Մհերը չէր կարող մերժել Իսմիլ խաթունի՝ Մսր գնալու հրավերը։
  • Ինչո՞ւ են երդմնազանց լինում Մհերն ու Արմաղանը, ո՞րն էր նրանց երդմնազանցության «վարձը»։

Առաջադրանք- Գրավոր բնութագրիր Սանասարին, Բաղդասարին և Մեծ Մհերին։ Նշիր՝ ինչով են նման այս հերոսները և ինչով են տարբեր։ Գրածդ տեղադրիր բլոգումդ։

Ընտրիր մի հատված «Մեծ Մհեր» ճյուղից և ձայնագրվիր։

Հայոց լեզու

  • Կարդա տեքստը։
  • Տարբեր գույներով ներկիր գոյականներն ու բայերը։
  • Շարադրիր՝ ըստ այս տեքստի ինչո՞վ է պայմանավորված մարդու ինքնագնահատականը։

Ինքնագնահատական
Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ինքնագնահատականի մեխանիզմը բացահայտող մի գիտափորձ է արվել։ Սկզբում սոցիոլոգները առաջարկել են մի խումբ երիտասարդների լրացնել ընդհանուր զարգացածությունը որոշող մի քանի շատ պարզ հարցարաններ։ Փորձարկվողները հեշտ գլուխ են բերել հանձնարարությունը, որից հետո նրանց հրավիրել են մի սենյակ, ուր երիտասարդ կանայք են։ Թեստը հաջող լրացրածները, այսինքն՝ գիտափորձի բոլոր մասնակիցները, հեշտությամբ ծանոթացել են ամենագեղեցիկ աղջիկների հետ։
Երիտասարդների հաջորդ խմբին նույնպես առաջարկել են հարցարան լրացնել, բայց այս անգամ՝ զգալիորեն բարդացված։ Ոչ ոք գլուխ չի հանել առաջադրանքից։ Աղջիկների հետ հանդիպելիս համարձակվել են զրույցի բռնվել նրանցից համեմատաբար ավելի քիչ հմայիչների հետ։
Աղջիկների հետ կատարած գիտափորձի արդյունքը նույնն է եղել։ Եթե աղջիկները հաջողությամբ հաղթահարում են հեշտ հարցարանը, անվարան ծանոթանում են ամենահմայիչ երիտասարդների հետ և արհամարհանքով վերաբերվում նրանց, ում համարում են իրենց ուշադրությանն անարժան։
Այսպես, հասարակ փորձի միջոցով հնարավոր է շահագործել ինքնագնահատականը։ Ամեն մարդ ստանում է լավ կամ վատ գնահատական հասարակությունից, որի ներսում ապրում է։ Նրա ինքնագնահատականը մեկ բարձրանում, մեկ իջնում է՝ կախված դրվատանքից կամ նախատինքից։ Եթե ուզում եք իրոք ազատ մարդ լինել, պիտի հաղթահարեք կախումը «աղել-յուղելուց» և ինքներդ ձեզ միավորներ տաք։ Այդ դեպքում ինքնագնահատականը բարձրացնելու համար կարելի է ռիսկի գնալ, փորձել ինչ-որ իրոք դժվար մի բան անել՝ հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ։ Բայց չարժե առանձնապես տրտմել, եթե հանկարծ ձախողեք։ Հաղթանակը, բացի ձեր տաղանդից, շատ ուրիշ հանգամանքներով էլ է պայմանավորվում։ Այնպես որ հարկավոր է տոնել ոչ թե հաղթանակը, այլ այն, որ դուք խիզախել եք ռիսկի գնալ։

 

ՀԱՏՈՒԿ 

  1. Կարդա տեքստը.

Բաժակ բաժակի զարկելը հին ֆրանկական սովորույթ է։ Զարկելիս հարկավոր էր մի քանի կաթիլ հեղուկ սեփական բաժակից ցողել բաժակակցի բաժակի մեջ։ Սա ծառայում էր որպես ապացույց, որ գավաթների պարունակությունը թունավորված չէ։ Որքան ուժեղ էին գավաթներն իրար զարկվում, այնքան ավելի շատ գինի էր թափվում դրանց եզրերից։ Նույնքան էլ հեշտ էր լինում ապացուցել ազնվությունը։

2. Պնդումների կողքին գրիր՝ ճիշտ են, թե՞՝ ոչ։

  • Բաժակ բաժակի զարկելը անգլիական սովորույթ է։
  • Զարկելիս պետք է մի քանի կաթիլ քո բաժակից թափվի բաժակակցի բաժակի մեջ։
  • Դրանով մարդիկ ապացուցում էին, որ խմիչքը թունավորված չէ։
  • Որքան շատ էին հարբում, այնքան ուժեղ էին բաժակներն իրար զարկում։

 

Լեզու

Տրված նախադասությունը լրացրու հետևյալ հարցերին պատասխանող բառերով.
Խաղացողները ուրախացան։ 

  • Ո՞ր խաղացողները։
  • Ե՞րբ ուրախացան։
  • Որտե՞ղ ուրախացան։
  • Ինչո՞ւ ուրախացան։

Համեմատիր եղած և քո ստացած նախադասությունները ամեն մեկը 2 բառով։

 

Advertisements