02.25.2019

Դիմավոր բայեր. Եղանակի քերականական կարգը

  1. Սահմանական եղանակ՝ սահմանված գործողություն։
  2. Սահմանական եղանակի ժամանակներն ու ժամանակաձևերը (ձևաբայեր և օժանդակ բայեր)։Պարզ և բաղադրյալ ժամանակաձևեր։
  3. Առաջադրանք. գտի՛ր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը, դեմքը, թիվը, կազմությունը, սեռը.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է — այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի …
Վահան Տերյան

***

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Վահան Տերյան

***

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Ավ.Իսահակյան

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Թումանյան

Գրականություն

Վահան Տերյանի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը կարդա՛, գտիր՝

  1. Ի՞նչ անուն է Նաիրին, որտեղից է ծագում, ինչ է նշանակում
  2. վտարանդի, աղոտ, հրահրուն բառերի բացատրությունը
  3. ածականներ, որ Տերյանի ստեղծածն են և միայն այստեղ են հանդիպում
  4. վախճան, քուն, անրջել, թագավորական բառերի հոմանիշները։
  5. Մեկնաբանիր բանաստեղծությունը։
Advertisements