09.24.2018

Կարդում ենք գրաբար

Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ

Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան

Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան
ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով

Առաջադրանքներ

  1. Առոգանությամբ բարձրաձայն կարդա առակները, ձայնագրիր դրանք։
  2. Առակները դարձրու աշխարհաբար
  3. Բացատրիր առակներից յուրաքանչյուրի խրատը (ինչ է ցույց տալիս)։
  4. Տեղեկություններ գտիր համացանցից Վարդան Այգեկցու մասին։

Առաջադրանքները՝ ըստ Սուսան Մարկոսյանի գրաբարի ձեռնարկի։

Advertisements