Թարգմանություն (ընտրությամբ գործունեություն)

2016-2017 ուստարի

Նախատեսվում է շաբաթական 2 ժամով, տարատարիք սովորողների համար

Թարգմանական աշխատանքը մշակում է նախ և առաջ մայրենի լեզուն, քանի որ հարկավոր է լինում մայրենի լեզվով ձևակերպելու թարգմանվող նյութը, խուսափելու օտարաբանությունից, համեմատության մեջ տեսնելու կառույցների տարբերությունները, ընտրելու անհրաժեշտ տարբերակը։ 
Նախատեսվում են թարգմանական բազմատեսակ աշխատանքներ՝ սկսած հանրահայտ միջազգային պարբերականներից հրատապ լուրերի թարգմանությունից, վերջացրած գեղարվեստական գրականության թարգմանություններով։ Թարգմանությունները կատարվում են սովորողներին մատչելի ցանկացած լեզվից։  Դասընթացը բաղկացած է տեսական՝ թարգմանական մշակույթ, թարգմանական նրբություններ, հստակ կանոններ, խմբագրման և սրբագրման նրբություններ, և գործնական մասից՝ թարգմանական հմտությունների մշակում, լրատվություն, «Թարգմանիր» բլոգի սպաարկում։

Առաջարկվող նախագծեր.

  1. Հրատապ լրատվական նյութերի որոնում, թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում։ Թարգմանությունը կատարվում է ամեն օր։ Համագործակցություն օտար լեզուների նախընտրությամբ խմբերի հետ։
  2. Հետաքրքիր նյութերի որոնում և թարգմանություն. հրապարակվում է «Թարգմանիր» բլոգում երբ պատրաստ է լինում։
  3. Հանրամատչելի նյութերի և ֆիլմերի թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում։ Թարգմանվում է նախագիծն ընտրած խմբի կողմից, ֆիլմերը նաև ձայնագրվում են։ Համագործակցություն բնագիտական, հասարակագիտական և այլ առարկաների նախընտրությամբ խմբերի հետ։
  4. Գեղարվեստական գրականության թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում. կատարվում է սովորողի ընտրությամբ կամ դասավանդողների առաջարկով։ Համագործակցություն ընթերցանությունն ընտրած խմբերի հետ։
  5. Խմբի հետ «Թարգմանիչ» ալմանախի համարի պատրաստում։

Յուրաքանչյուր նախագիծ ստանձնում է սովորողը կամ սովորողների խումբը, ճշտվում են կատարման պարբերականությունը, ժամկետները, յուրաքանչյուր թողարկման պատասխանատուն։