Ռադիոլրագրություն

«Էթիկետ» ռադիոն բաց նախագիծ է՝ բոլոր հետաքրքրվողների համար։ Ուսումնական աշխատանքը ունի տեսական և գործնական բաժիններ։ Տեսական մասը՝ թեմայի ընտրություն, հերոսի հետ հանդիպման կազմակերպում, հարցազրույցի պատրաստում, նպատակային հարցազրույց, բովանդակային մոնտաժ և մոնտաժի տեխնիկա, ձայնագրման տեխնիկա, ուսումնասիրում և սովորում ենք գործնական աշխատանքների՝ ձայնագրության, հաղորդման պատրաստման ընթացքում, նաև մոնտաժի ժամանակ։ Նյութերի վրա աշխատում է խմբագրակազմը, որ համալրման կարիք ունի։

Առաջարկվող նախագծերը.

  1. «Մեր շրջապատի մարդիկ». Հերոսները հետաքրքիր մասնագիտություն ունեցող սովորական մարդիկ են, որոնց հետ զրուցում է հաղորդման պատասխանատուն։ Նախագծի նպատակներն են՝ բանավոր խոսքի մշակում, հաղորդակցական հմտությունների զարգացում, տարբեր մասնագիտությունների, ինչպես նաև աշխատաշուկայում առկա աշխատանքների ներկայացում հենց աշխատողների միջոցով (մասնագիտական կողմնորոշում)։
  2. «Ստեղծագործող դասընկերներս». Հերոսները կրթահամալիրի սովորողներն են, որոնց ստեղծագործությունները (կամ ստեղծագործությունը) ներկայացվում է դասընկերոջ կողմից։ Նպատակը. հաղորդման հեղինակի համար՝ անաչառ վերաբերմունք դրսևորելու, գրականագիտական մոտեցումներ մշակելու հնարավորություն։ Հաղորդման հերոսի համար՝ ներկայանալու, հրապարակայնորեն արտահայտվելու հնարավորություն։

Աշխատանքները կատարվում են խմբակային, յուրաքանչյուր մասնակից ստանձնում է աշխատանքի (հերոսի որոնում, հանդիպման համար պայմանավորվածություն, նախնական զրույց, ձայնագրում, մոնտաժ և այլն) իր բաժինը և պատասխանատու է վերջնական արտադրանքի համար։

Նախագիծը բաց է։ Խմբագրության յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել սեփական նախագիծը, ներկայացնել դրա կատարման կազմակերպումը և կատարել։ «Էթիկետ» ռադիոյի արտադրանքը թողարկվում է կայքում, տարածվում համացանցում։

«Սուրհանդակ» ռադիոն լրատվական պարբերական ռադիոհաղորդում է, որ գործում է «Սեբաստացի» ռադիոյի կազմում։ «Սուրհանդակը» ավագ դպրոցի ռադիոն է, որի համար հաղորդման պատրաստումը սովորողի գործունեություններից մեկն է։