Նկատառումներ 2016-2017 ուստարվա շուրջ

Ջավախք-2016, մայիսի 6-8 032
Ռաբաթ ամրոցում

Նոր ուստարում  նախատեսում եմ

1. շարունակել երկարաժամկետ «Էթիկետ» ռադիո նախագիծը, որն իր նոր շարքն արդեն սկսել է. մտադիր եմ նաև նորեկներին ներգրավել նախագծում և 12-րդ  դասարանցի Աննա Մաթևոսյանին նշանակել մենթոր՝ նորեկ խմբագիրներին։ Նախատեսում եմ նաև «Գրական էջ»՝ որպես հավելված, որի խմբագիր- սովորողը գրականագիտական հակումներ պիտի ունենա, հենց գրականագիտական տեսանկյունից ներկայացնի իր ընտրած ստեղծագործությունները, այդ թվում (եթե չասեմ՝ մեծ մասամբ) իր դասընկերների ստեղծագործությունները։ Ռադիոյի գործունեությունը համակարգված կատարելու համար հարկավոր կլինի շաբաթական 4 ժամ («Մոնտաժը, դրա նրբությունները բովանդակային առումով» դասընթացը ներառած)։

 

2. Նորոգելու և շարունակելու եմ նաև «Թարգմանիր» ամսագրի գործունեությունը՝ որպես բաց նախագիծ. մտադիր եմ թարգմանիչների ակումբ հավաքել, որի միջոցով կակտիվացնենք «Թարգմանիր» բլոգը, կշարունակենք «Թարգմանիչ» ալմանախի հրատարակումը։ Եթե ակումբը չհավաքվի, նախագիծը, միևնույն է, իրականացվելու է, որի համար կպահանջվի շաբաթական 2 ժամ (թարգմանելու նյութի ընտրությունը և տարբեր ոճերի թարգմանության նրբությունների մասին դասընթացը ներառած)։

3. Քերականությունը՝ որպես նախընտրանք, սովորողների այն խմբի հետ, ովքեր քերականության մեջ համակարգված մտածողություն բացահայտելու հակումն ունեն։ Այս խումբը կարող է պատրաստվել նաև ոչ կրթահամալիրային օլիմպիադաներին, մրցույթներին։ Սրա համար հարկավոր կլինի շաբաթական 4 ժամ։

4. 12-րդ դասարանի ընտրովի քերականությունը՝ շաբաթական 4 ժամով՝ քերականական հակումներ ունեցող սովորողների համար (նախորդ տարվանից ընտրությամբ սովորողների համալրված խումբ)։