03.09.2017

  1. Դուրս գրեք բայերը, որոշեք դրանց խոնարհումը, սեռը, կազմությունը.

Վահագն / Եղիշե Չարենց

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …

2. Բայի դեմքը, թիվը, ժամանակը։ Անցյալ ժամանակ։ Անցյալ ժամանակների իմաստային տարբերությունները։

  • Հենց նոր կատարված-վերջացած գործողություն— Բոլոր ներկաները երգեցին, պարեցին։ Երեխաների համար ներկայացում ցուցադրեցին, օրն ավարտվեց հրավառությամբ։
  • Անցյալում մի կետի նկատմամբ շարունակվող գործողություն (ասենք՝ անցյալ տարի)— Բոլոր ներկաները երգում էին, պարում էին։ Երեխաների համար ներկայացում էին ցուցադրում։ Օրն ավարտում էին հրավառությամբ։
  • Վաղուց ավարտված գործողություն— (վաղուց կատարվել է)-Բոլոր ներկաները երգել են, պարել են։ Երեխաների համար ներկայացում են ցուցադրել, օրն ավարտվել է հրավառությամբ։
  • Անցյալում մի կետի նկատմամբ արդեն կատարված-ավարտված գործողություն (ասենք՝ երեկ երեկոյան)- Բոլոր ներկաները երգել էին, պարել էին։ Երեխաների համար ներկայացում էին ցուցադրել, օրն ավարտվել էր հրավառությամբ։
  • Անցյալում մի կետի նկատմամբ ապառնի՝ դրանից հետո, բայց մինչև ներկան կատարվելիք գործողություն, որ չի կատարվել — Բոլոր ներկաները երգելու էին, պարելու էին։ Երեխաների համար ներկայացում էին ցուցադրելու, օրն ավարտվելու էր հրավառությամբ։

Առաջադրանք. Գտիր բայերը, որոշիր խոնարհումը, սեռը, կազմությունը, ժամանակը։  Դուրս գրիր անցյալ ժամանակ ցույց տվող բայերը, որոշիր, թե որը անցյալի որ տեսակն է։

Երկար տարիներ աշխատելով տեսական ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի ասպարեզում՝ Դևիդ Բոմը հետաքրքրվեց, թե իր տեսությունն ինչքանո՞վ է փիլիսոփայության մեջ կիրառելի։  Լազերային ճառագայթների միջոցով ստացվող հոլոգրամների, եռաչափ պատկերների այդ մասնագետը 1950-ականներին՝ հակակոմունիստական «վհուկների որսի» ժամանակ ստիպված էր լքելու Միացյալ Նահանգները։ Ավելի ուշ նացիստներին կարեկցողները նրան վտարում են Բրազիլիայից։ Դևիդ Բոմը տեղափոխվում է Անգլիա և սկսում դասավանդել Լոնդոնի համալսարանում։ Նա տարվում է տիբեթյան բուդդիզմով և դառնում դալայ-լամայի ընկերը։
Բոմը զարգացրեց մի տեսություն, համաձայն որի տիեզերքն ընդամենը մի մեծ պատրանք է՝ նման ծավալային հոլոգրաֆիկ պատկերի։ Նա բացեիբաց հայտարարեց դրա մասին։ Տիեզերքը կառուցված է այնպես, ինչպես հոլոգրաման՝ ընդգրկուն մի պատկեր, որի ամեն մի մասը տեղեկություն է պարունակում ամբողջ պատկերի մասին։ Եթե խախտենք հոլոգրամայի ամբողջականությունը, նրա ամեն մի դրվագի մեջ տեղեկություն կպարունակվի ամբողջ պատկերի մասին։
Դևիդ Բոմը տիեզերքը պատկերացնում էր որպես անվերջ ալիքների կառույց, ուր ամեն ինչ փոխկապակցված է։ Այնտեղ գոյությունն ու չգոյությունը, ոգին ու նյութականը ընդամենը լույսի միակ աղբյուրի տարբեր դրսևորումներն են, ինչի շնորհիվ պատկերը ծավալային է դառնում։ Նա լույսի այդ աղբյուրն անվանել է Կյանք։
Էնշտեյնը, որ գործընկերոջ նորարարական գաղափարներին սկզբում քննադատաբար էր վերաբերվում, հետո սկսել է աշխույժ հետաքրքրություն ցուցաբերել Բոմի գյուտի նկատմամբ։ Հեռանալով  խնդիրը շրջագծող սահմանից, դուրս գալու համար չափազանց պահպանողական գիտական շրջանակներից՝ Դևիդ Բոմը առանց տատանվելու հղում էր անում հինդուիզմին կամ չինական թաոիզմին՝ փորձելով բացատրել իր պատկերացումները ֆիզիկայի մասին։ Նա չի սահմանափակում մարմինն ու միտքը և համարում է, որ գոյություն ունի մարդկության ընդհանուր գիտակցություն։ Դա տեսնելու համար հարկավոր է որոշակի հեռավորությունից լուսավորել որոշակի շերտը (քանի որ բոլոր գոյություն  ունեցողներն ընդամենը տեղեկություն են, որ մատչելի են դառնում լույսի ներքո։ Սա նման է նրան, որ հոլոգրաման ծավալի պատրանք է ստեղծում միայն այն ժամանակ, երբ լազերային ճառագայթն ընկնում է նրա վրա ուղիղ անկյան տակ)։ Բոմը ենթադրում էր, որ քվանտային ֆիզիկայի մեթոդներով  ու մեդիտացիայով հնարավոր է բացահայտել իրականության ծածուկ շերտերը։
Նրա մետաֆիզիկական պատկերացումների համաձայն մահ չկա։ Կա միայն անցում գոյության մի էներգետիկական մակարդակից մյուսին։ Դևիդ Բոմը «անցում է կատարել նոր էներգետիկական մակարդակ» 1992թվին՝ այդպես էլ Տիեզերքը չքննած մինչև վերջ։ Բայց նա բացահայտեց հետազոտության մի նոր ոլորտ փիլիսոփայության ու գիտության խաչմերուկում։

Advertisements