04.20.2017

Առաջադրանք.

Գտնել բայերը, որոշել բոլոր բայերի

  • խոնարհումը
  • կազմությունը
  • սեռը։

Անդեմ բայերի համար նշել նաև, թե ո՛ր դերբայն են։ Դիմավորների համար որոշել

  • դեմքը
  • թիվը
  • ժամանակը
  • եղանակը
  • սահմանականի համար՝ ժամանակային ձևը։

Ֆրանց Կաֆկայի «Օրեգրերից»

Ես հաճախ եմ դրա մասին մտածում ու ամեն անգամ այն եզրակացությանն եմ գալիս, որ իմ դաստիարակությունն ինձ շատ բանում վնասել է։ Այս պարսավանքը վերաբերում է մարդկանց բազմությանը։ Ճիշտ է, նրանք կանգնած են այստեղ՝ կողքիս ու, ինչպես խմբակային հին լուսանկարներում, չգիտեն՝ ինչ անեն. մտքներով չի անցնում՝ գլուխները կախեն, իսկ ժպտալ չեն համարձակվում լարված սպասումից։ Այստեղ ծնողներս են, ազգականներիցս մի քանիսը, ուսուցիչներիցս, խոհարարը, որին ես մտապահել եմ, մի քանի աղջիկ՝ պարերի դպրոցից,  հին ժամանակներում մեր տան այցելուներից մի քանիսը, որոշ գրողներ, լողի մարզիչը, դռնապանը, դպրոցի տեսուչը, հետո՝ մարդիկ, որոնց մի անգամ հանդիպել եմ փողոցում, ու էլի ինչ-որ մարդիկ, որոնց հիմա չեմ կրողանում հիշել, նաև այնպիսիք, որոնց էլ երբեք չեմ հիշի, վերջապես այնպիսիք, որոնց դասին, այն ժամանակ ինչ-որ բանով տարվելով, ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել։ Կարճ ասած՝ այնքան շատ են, որ պիտի հետևեմ՝ հանկարծ նույն մարդուն երկու անգամ չհիշատակեմ։ Նրանց բոլորին եմ ուղղում իմ պարսավանքը, դրանով իսկ ծանոթացնում եմ նրանց միմյանց հետ և ոչ մի առարկություն չեմ ընդունում։ Քանի որ ես դրանք իսկապես բավականաչափ լսել եմ և որովհետև այդ առարկությունների մեծ մասը չեմ կարողացել վիճարկել, ուրիշ բան չի մնում, քան դրանք նույնպես հաշվի առնել ու ասել, որ ինչպես իմ դաստիարակությունը, այդ առարկություններն էլ շատ բանով ինձ վնասել են։
Գուցե, կմտածեն, ես դաստիարակվել եմ ինչ-որ մի խուլ տե՞ղ։ Չէ, ես դասիարակվել եմ քաղաքում` ամենակենտրոնում։ Ո՛չ ավերակներում, օրինակ, ո՛չ լեռներում, ո՛չ էլ լճի ափին։ Ծնողներս ու նրանց ընկերները մինչև հիմա մռայլված ու թթված էին իմ պարսավանքից, բայց ահա թեթև հետ հրեցին դա ու ժպտում են, որովհետև ես ձեռքերս հեռացրի նրանցից,  դրի ճակատիս ու մտածում եմ՝ բա չլինեի՞ ավերակների փոքրիկ բնակիչը, որ ականջ է դնում թռչնակների շաղակրատանքին, նրանց՝ սառը լուսնի տակ թարմացող աշնանային ստվերին։ Թող որ սկզբում ես մի քիչ թույլ կլինեի բեռան տակ լավագույն հատկանիշների, որ պիտի արևից խանձված, բոլոր կողմերից ավերակների միջից ծակող-դուրս եկող ու իմ՝ բաղեղից հյուսված անկողնու վրա  շողացող կեղտոտ խոտի պես կատաղորեն աճեին իմ մեջ։

Advertisements