05.15.2017

Սովորել անկանոն և պակասավոր բայերը.

Անկանոն բայեր (որոնց արմատը երկրորդ հիմքում փոխվում է կանոնի շեղումով կամ խոնարհման ժամանակ է կանոնից շեղվում)

Ե խոնարհման պարզ բայեր` ասել, բերել, զարկել, ուտել
Ե խոնարհման ն ածանց ունեցող բայեր` անել, դնել, տանել, ելնել, առնել, տեսնել, թողնել, լինել
Ա խոնարհման պարզ բայեր` գալ, տալ, լալ 
Ա խոնարհման սոսկածանցավոր բայեր` դառնալ, լվանալ, կենալ

Պակասավոր բայեր (որոնք չունեն բայական բոլոր ձևերը)
եմ, կամ, ունեմ արժեմ գիտեմ, հուսալ, ցանկալ, լվանալ, լվալ, կենալ։

Առաջադրանքներ.

Խոնարհիր անկանոն և պակասավոր բայերը։ Նշիր, թե անկանոնները որտեղ են դրսևորում անկանոնություն, իսկ պակասավորները որ ձևերը չունեն (դերբայական ձևեր, եղանակ, դեմք, թիվ, ժամանակ, ժամանակային ձև)։

Տրված տեքստից գտիր անկանոն և պակասավոր բայերը։

Պարտրա՞ստ են արդյոք մարդիկ իրենց կարծիքն արտահայետելու, եթե փոքրամասնության մեջ են։ Ինչի՞ մասին են խոսում ընտրությունների և հարցումների արդյունքները։ Ինչպե՞ս են ԶԼՄ-ներն ազդում այլախոհների կարծիքի վրա, և ինչպե՞ս է փոխվում մարդկանց վարքը, երբ վախենում են մեկուսացված լինելուց ։ Անդրադառնում ենք գերմանացի քաղաքագետ, սոցիոլոգ ու լրագրող Էլիզաբեթ Նոել-Նոյմանի՝ «Հասարակական կարծիք. «Լռության պարուրակի» բացում» գրքին։
Ամեն օր միլիոնավոր մարդիկ կարդում են ամեն տեսակ սոցհարցումների արդյունքները, վերլուծում են տեսանելի վիճակագրությունը՝ առանց կասկածելու անգամ, որ ԶԼՄ-ներում բերված թվերը կապ չունեն իրականության հետ։ Եվ բանը միայն փաստերի դիտավորյալ կեղծումը չէ, այլև «լռության պարուրակը»՝ մի առանձնահատուկ երևույթ, որ բացահայտվել է 20-րդ դարի 60-ականներին։
Այդ ժամանակ էր, որ սոցիոլոգների մի խումբ՝ Էլիզաբեթ Նոել-Նոյմանի գլխավորությամբ, հայտարարեց, որ մեկուսացվելու վախից մարդիկ հակված չեն  արտահայտելու իրենց կարծիքը, եթե զգում են, որ փոքրամասնության կողմնակիցն են։ Բացի այդ՝ նրանցից ոմանք հրապարակորեն անցնում են մեծամասնության կողմը՝ դրա հետ չփոխելով իրենց հայացքները, ուրիշները պարզապես չեն վիճում և ոչ մի կերպ չեն հայտարարում իրենց տեսակետը։ «Լռության պարուրակի» գործարկումն ու զարգացումը բերում է նրան, որ անհնար է դառնում իմանալը, թե իրականում մարդկանց մեծամասնությունն ինչ է մտածում։
Հենվելով անցյալի մտածողների դիտարկումների վրա՝ կարող ենք ասել, որ «լռության պարուրակը» մեր ժամանակների երևույթ չէ։ Առանց սահմանման, այս հասկացությունը հանդիպել է բազմաթիվ պատմական էսսեներում։ Օրինակ՝ խորհրդածելով ֆրանսիական հեղափոխության և հավատից զանգվածաբար հրաժարումների մասին՝ 1856 թվականին Ալեքսիս դը Տոկվիլը գրում է. «Նրանք, ովքեր մնացել էին հին հավատին, վախենում էին հայտնվել իրենց կրոնին հավատարիմ մնացած փոքրամասնության մեջ։ Իսկ քանի որ մեկուսացումը նրանց սարսափեցնում էր ավելի շատ, քան սխալները, միանում էին մեծամասնությանը՝ չփոխելով իրենց կարծիքը։ Ազգի միայն մի մասի հայացքները թվում էին բոլորինը ու հենց դրա համար էլ անհաղթահարելի մոլորության մեջ էին գցում հատկապես նրանց, ովքեր այդ խաբեության մեղավորն էին»։
Ահա այսպես, այն ժամանակ և հիման «կեղծ մեծամասնության ուժը» ընդունակ է գլոբալ ազդեցություն ունենալու պատմական ցանկացած իրադարձության վրա։ Ընդ որում, հնարավոր է, որ ոչ մի մեծամասնություն էլ չկա։ Եղածը բնակչության ինչ-որ մասի ակտիվությունն է և հեռուստաէկրանից այս կամ այն վարդապետությունը քարոզող պրոպագանդիստական առաջնորդների ինքնավստահությունը։  Նոել-Նոյմանը հիշում է Գերմանիայում 60-ականներին անցկացված ընտրությունների մասին։ Այն ժամանակ բնակչության մի մասը գերադասում էր ցուցադրել իր հավատարմությունը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատիական կուսակցությանը (կրծքանշաններ, պիտակներ՝ մեքենաների վրա, ցուցանակներ՝ պատուհանների վրա), իսկ մյուս մասը, որ նախընտրում է Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, առանձնապես ակտիվություն չդրսևորեց։ Հետաքրքիր է, որ սկզբում Քրիստոնյա-դեմոկրատական միության կողմից ելույթ ունեցողների թիվը զգալիորեն գերազանցում էր Սոցիալ-դեմոկրատիական կուսակցությունը համակրողներին։ Բայց նախընտրական շրջանում առերես սկսեց թվալ, թե առաջնորդում է այն կուսակցությունը, որն իրականում հետ էր մնում իր մրցակիցներից։ Դրանից ելնելով՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության շատ հետևորդներ հրապարակայնորեն փոխեցին իրենց քաղաքական հակումները կամ պարզապես հրաժարվեցին դրանց մասին խոսելուց՝ վախենալով հայտնվել հասարակությունից  մեկուսացված վիճակում, ինչը էականորեն ազդեց ընտրությունների արդյունքի վրա։
Այսպիսի արդյունքի շնորհիվ«Լռության պարուրակից» բացահայտ օգտվում են ցանկացած պետության քաղաքական առաջնորդները։ Ռուս քաղաքագետ Ելենա Շուլմանը բացատրում է. «Հեռուստաէկրանից կամ թերթից հեղինակավոր խոսնակը հայտարում է. «Բոլոր մարդիկ այս կարծիքին են, բոլորը համաձայն են նրան, ինչ ես հիմա ասում եմ»։ Իսկ նրանց, ովքեր համաձայն չեն, ասվում է. «Դուք փոքրամասնություն եք, դուք հերձվածող եք»։ Այս պայմաններում սոցիալական հարցումները ոչինչ էլ չեն ասում, որովհետև մարդիկ կրկնում են այն, ինչ լսել են հեռուստացույցից»։
Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ ոչ ոք չի ուզում ընդունել, որ ինքը «լռության պարուրակ» է, քանի որ չի ուզում ուրիշին լսող ու հարմարվող լինել։ Գաղափարի հեղինակը նշում է, որ «մարդկանց նմանակման հակումը չի համապատասխանում մարդասիրական կատարելատիպին»։ Այնուամենայնիվ, մարդու սոցիալական բնույնթն այնպիսին է, որ մենակ մնալու վախը հաճախ ստիպում է նրան թաքցնելու իր հայացքները ոչ միայն հասարակական հարթակներում, այլև ընտանեկան շրջանակում։
Թվում է՝ այսօր՝ «լռության պարուրակի» հայտնաբերումից տասնամյակներ անց ամեն ինչ փոխվել է։ Շուրջը բոլորը խոսում են ինքդ քեզ նման լինելու, անհատականության կարևորության մասին։ Բայց իրականում այդպիսի տրամադրություններ գոյություն են ունեցել նաև հարյուրամյակներ առաջ, օրինակ՝ Ռուսսոյի ժամանակներում, բայց այն ժամանակ էլ, ինչպես հիմա, ի վիճակի չեն եղել ազդելու «լռության պարուրակի» վրա։
Սա են ապացուցում ամերիկացի հոգեբան Սոլոմոն Աշի հայտնի գիտափորձերը։ Նա տարածքում հավաքված մարդկանց առաջարկում էր նայել մի քանի նկարած գծերի և ընտրել դրանցից ամենաերկարը։ Թվում է՝ մասնակիցների առաջ հեշտ խնդիր է դրված։ Բայց նույն տարածքում գտնվող դերակատարները դիտավորյալ սկսում էին «քվեարկել» ակնհայտորեն սխալ տարբերակի օգտին։ Արդյունքում փորձարկվողների բացարձակ մեծամասնությունը դադարեց հավատալուց սեփական աչքերին՝ կուրորեն հետևելով «հանրային կարծիքին»։
Ելենա Շուլմանը բացատրում է, թե ինչու է դա գործում. «Լռության պարուրակը» մեծամասնությանը միանալն է։ Ես պատասխանում եմ այնպես, ինչպես կարծում եմ, որ պատասխանում են մյուսները։ Նրանք, ովքեր գալիս են իմ հետևից, պատասխանում են ինձ նման, քանի որ ես մեծացրի երևակայական մեծամասնությունը ևս մեկով՝ ինձնով»։
Դրա հետ՝ զարմանալի է, որ հաճախ հանրության անդամներն իրենք են հորինում, թե ինչ է մտածում մեծամանությունը։ Քարոզչության և եղանակ ստեղծող սոցհարցումների արդյունքների հրապարակման պայմաններում մենք համոզված ենք, որ գիտենք՝ ուրիշներն ինչի մասին են մտածել առաջ և հիմա։ Մենք գուշակում ենք, թե ինչից են մարդիկ վախենալու և ինչն են նախընտրելու։ Դրա հետ էլ երբեմն չգիտենք՝ ինչից ենք զգուշանում կամ ինչ սպասելիքներ ունենք ինքներս։
Նոել- Նոյմանը գրում է. «Շատ հնարավոր է, որ հարցվածների մեծամասնությունը պիտի պատասխաներ. «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչ է մտածում մեծամասնությունը, ինչ է լինելու հետո։ Ես հո մարգարե չե՞մ»։ Բայց մարդիկ այդ հարցերին այդպես չեն պատասխանում։ 16 տարեկանից բարձր բնակչությունից ընտրված ներկայացուցչական խմբի 80-90%  շրջապատի կարծիքը գնահատում է որպես ինքնըստինքյան հասկանալի մի բան»։
Այսպիսով՝ կարելի է խնդիրը ձևակերպել այսպես. մարդիկ գործնականում բնազդաբար նայում են ուրիշներին և վերլուծում նրանց մտածելակերպը, բայց դրա հետ մոռանում են, որ սեփական ձայնը նույնպես իմաստ ունի։ Դժվար է ներդաշնակ լինել սեփական անհատականության հետ, երբ ստիպված ես ձևացնելու և սեփական հայացքները կողպելու գլխումդ հանուն նրա, որ կողքիդ ինչ-որ մեկը մնա։ Ակնհայտ է, որ «լռության պարուրակը» ազդում է մեր ամբողջ կյանքի վրա. սեփական հայացքների մեծածավալ քողարկումը փոխում է ոչ միայն քաղաքական ու հասարակական իրադրությունը՝ մեզ դարձնելով մանիպուլյացիաների թիրախ։ Երևույթի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ «պարուրակ» լինելով՝ մենք կհայտնվենք այն իրականության մեջ, որը ոչ միայն չենք ընտրել, այլև չէինք ուզում։

 

Advertisements