02.14.2017

  1. Կարդա բանաստեղծությունը, առանձնացրու մակդիրները։ Փորձիր նկարագրել աղջկան, որ հեղինակի մտորումների առիթն է։ Անգիր հիշի բանաստեղծությունը։

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  1. Բառարանում գտիր տրված բառերի բացատրությունը, սովորիր դրանց գրությունը։ Յուրաքանչյուրի դիմաց իմաստից բացի գրիր նաև, թե ինչ խոսքի մասի են պատկանում.

սկյութ, ամայի, կարկառել, դժնատեսիn, լերկ, զարհուրանք, շանթարձակ, ամբաստանել, ընդդիմանալ, Օլիմպոս, ընդվզել, գամել, հայցել, ամպրոպածին, բիրտ, վեհատեսիլ, տիտան, անընկճելի, շնորհ, քսու, ընդոստ, անդրդվելի, ամբարիշտ, ամբարտավան, լյարդ, լլկել, ըմբոշխնել։

  1. Համացանցից կամ քեզ ծանոթ գրքերից տեղեկություններ գտիր ստորև նշված կերպարների մասին և գրիր քո բլոգում.

Զևս, Հեփեստոս, Պրոմեթևս, Հերակլես։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Վահան Տերյանի բանաստեղծությունը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
Դաշտ է տեղը, և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

Դուրս գրիր
ա) երկիր նշանակող բառերը
բ)  մեր ազգի հպարտությունը ցույց տվող բառերը
գ) այն բառերը, որ ցույց են տալիս հեղինակի լավատեսությունը
դ) իրար հականիշ բառերը
ե) համեմատությունները։

Advertisements