02.15.2017

Կարդա տեքստը, գրիր.

  • Ի՞նչ խնդիր է արծարծում հեղինակը։ Ո՞ր տողերից է երևում։
  • Ըստ նրա՝ որքանո՞վ է լեզուն զուտ գրական լինում, հնարավո՞ր է միայն գրական բառերով կենդանի լեզու ունենալ։ Բեր հոդվածից համապատասխան տողերը։
  • Ի՞նչ տրամադրություն ես զգում հեղինակի խոսքի մեջ։ Ինչի՞ց է դա երևում։
  • Դու ի՞նչ կարծիք ունես այս խնդրի մասին. կարո՞ղ ես խոսել միայն գրական լեզվով։ Քո կարծիքով ե՞րբ են մարդիկ խոսում բացառապես գրական լեզվով։ Բեր օրինակներ։
  • Ի՞նչ եզրակացություն կարող ես անել, լեզվի զարգացումը հնարավո՞ր է վերահսկել։
  • Մեկ նախադասությամբ քո կարծիքը գրիր կենդանի, աշխույժ խոսք կառուցելու մասին։

 Անմիտ ու տգեղ մրցանակ. Հովհաննես Թումանյան

 Նոր Նախիջևանի հայոց բարեգործական ընկերության խորհրդարանը հայտարարում է, որ ընկերությունը սահմանել է 600 ռ. մրցանակ հայոց լեզվի դասագրքի համար և պայմանների թվում դրել է այս էական պայմանը․ «դասագրքի ուղղությունը լինելու է հին ուղղագրությունը և լեզուն՝ զուտ գրականական, առանց գավառաբարբառի»։
Անշուշտ, բարեգործական ընկերության նպատակներից մինն է այս տեսակ ձեռնարկությունների օժանդակելն ու խրախուսելը, բայց անկարելի բան է, որ նրա ծրագրի մեջ ասված լինի, թե ընկերության խորհրդարանը կարող է և՛ ուղղագրական, և՛ լեզվական ուղղություններ որոշել և բարեգործական ընկերության փողով ու իր քմահաճույքներով դուրս գալ կանգնել լեզվի զարգացման ճանապարհին։ Ասում են անկարելի բան է, որովհետև ինչպես ամեն մի բարեգործական ընկերության խորհրդարան, այնպես էլ Նոր Նախիջևանի հայոց բարեգործական ընկերության խորհրդարանը միանգամայն անձեռնհաս է այսօրինակ խնդիրներ վճռելու, այլև անմիտ ու տգեղ է՝ գալ փողով կռիվ մղելու այն ասպարեզում, ուր միայն փողն է, որ գործ չպետք է ունենա։ Նոր Նախիջևանի հայոց բարեգործական ընկերության խորհրդարանը բաղկացած է մարդկանցից։ Այդ մարդիկ հայոց ուղղագրության ու լեզվի մասին եթե մի առողջ ու խելոք բան գիտեն, համեցեք, թող գրեն, կարդանք, հասկանանք, համոզվենք, թե չէ վեր կենալ ու բարեգործական ընկերության միջոցներից փող խոստանալ նրան, ով այսինչ ուղղագրությամբ կամ այսինչ լեզվով կգրի՞… էդ հո Մանթաշովն էլ կամ հենց իրենց Նոր Նախիջևանի հարուստներից մեկն ու մյուսն էլ կարող էին անել, իսկ մենք ոչ թե 600 ռ., այլ 6.000 ռ. կտանք նրան, ով որ ոչ միայն հին ուղղագրությունով գրի, այլև հին լեզվով՝ գրաբար։
Սրանից ո՞վ ինչ կհասկանար։
Անկասկած, ոչ մի մրցանակ ու ոչ մի կաշառ չեն կարող կանգնեցնել կամ շեղել հայոց գրական լեզվի զարգացման առողջ ու ազատ ընթացքը, որի գլխավոր աղբյուրը լինելու է հենց գավառական բարբառը, մեր ժողովրդի կենդանի լեզուն, բայց և այնպես հետաքրքրական է, թե ի՞նչ են հասկանում պարոնայք Նոր Նախիջևանի հայոց բարեգործական ընկերության խորհրդարանի անդամները, որ ասում են. «լեզուն՝ զուտ գրականական, առանց գավառաբարբառի»։ Եվ արդյոք ի՞նչ կասի այս մասին հայ բանասերն ու հայ ուսուցիչը։

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա բանաստեղծությունը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
  2. Գրիր՝ ինչ տրամադրություն կա բանաստեղծության մեջ։ Ի՞նչ գույներով կնկարեիր այս բանաստեղծությունը։
  3. Մի քանի անգամ կարդա և փորձիր առանց նայելու՝ հիշելով գրել բանաստեղծությունը։

 

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Advertisements