03.14.2017

Գրականություն

  • Կարդա Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքը։ Դուրս գրիր բոլոր աչքի ընկնող կերպարները։
  • Յուրաքանչյուր կերպարին բնորոշող մեկական նախադասություն գրիր։
  • Նկարագրիր բոլոր հանդիպող ձիերը։
  • Բնութագրիր բոլոր ձիերին։ Համեմատիր նրանց իրենց տերերի հետ։
  • Քո կարծիքով ինչո՞ւ է Բակունցը պատմվածքնը վերնագրել «Սպիտակ ձին»։
  • Ուրիշ վերնագիր մտածիր այս պատմվածքի համար։ Գրավոր հիմնավորիր քո վերնագիրը պատմվածքի բովանդակությամբ։
  • Շարադրիր այս պատմությունը ձիերից մեկի անունից։
  • Պատմվածքից առանձնացրու այն մտքերը, որ քեզ դուր են եկել և տեղադրիր բլոգումդ։

 

Լեզու
Տրված բառերի ուղղագրությունը սովորիր, անծանոթ բառերի բացատրությունը գտիր։

Գոցել, եղած-չեղած, շուրջբոլորը, նշմարել, մարկ, այր, բաճկոն, ոտնաման, բզկտված, հուսախաբ լինել։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքից այս հատվածը, դուրս գրիր անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունը։

Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետևը,— մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվաններր շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը, ապա նորից կլանեց ամեն ինչ։

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…

  1. Պատասխանիր հարցերին ամբողջական նախադասությամբ.
  • Ի՞նչ գույնի էր ձին։
  • Ձին ինչպե՞ս էր վազում հրապարակով
  • Որտե՞ղ էր ծնվել ու մեծացել այդ ձին։
  • Ինչպե՞ս էին ուզում բռնել ձիուն զինվորները։
  • Գյուղացիները ի՞նչ էին անում այդ ժամանակ։
  • Գյուղացիներին ի՞նչն էր դուր գալիս։
  • Գյուղացինեն ուզո՞ւմ էին, որ զինվորները բռնեն ձիուն։
  • Ձին փախա՞վ զինվորներից։
  • Ի՞նչ վախճան ունեցավ այդ ձին։
  • Քո կարծիքով ի՞նչ բնավորություն ուներ այդ ձին։
Advertisements