04.18.2017

Շաբաթվա առաջադրանքները՝ 18-21.04.2017

Հատուկ՝ 18-21.04.2017

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը»։ Պատասխանիր հարցերին.

  • Մայր ձին զգո՞ւմ էր վտանգը։ Ինչո՞վ էր հիմնավորված այդ զգացողությունը։
  • Մայր ձին ինչի՞ կամ ո՞ւմ համար էր անհանգստացած։
  • Քանի՞ տարեկան էր մտրուկը։
  • Գայլը վախենո՞ւմ էր ձիուց։ Պատասխանդ հիմնավորիր պատմվածքից քաղած տողերով։
  • Քո կարծիքով գայլը չա՞ր է։ Իսկ հեղինակի՞ կարծիքով։ Հիմնավորիր կարծիքդ պատմվածքից քաղած տողերով։
  • Ինչի՞ համար էր անհնգստանում գայլը։
  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր ձին կապած։
  • Շներն օգնեցի՞ն ձիուն։
  • Քո կարծիքով կարմիր ձին հաղթեց, թե՞ պարտվեց։
  • Ի՞նչ է նշնակում «պայքարել»՝ ըստ քեզ։
  • Հանուն ինչի՞ ես դու պատրաստ պայքարելու մինչև մահ։ Էսսե գրիր՝ «Կյանքը պայքա՞ր է» վերնագրով։

Լեզու

  1. Սովորիր ստորև գրված բառերի ուղղագրությունը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։ Տեղեկություններ գտիր Հրաչյա Ներսիսյանի մասին, տեղադրիր քո բլոգում։

Առնացի, մեղմել, տաճիկ, գանակոծություն, գնդացրային տեսչություն, կաս-կարմիր, կռահել, զգացվել, հովանավորել, վեհանձն։

Հատուկ անուններ
Հրաչյա Ներսիսյան, մայոր Բարելլա

  1. Տեղեկություններ գտիր Հրաչյա Ներսիսյանի մասին։

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի այս հատվածը։
  2. Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
  3. Պատասխանիր հարցերին և կատարիր առաջադրանքները.
  • Ի՞նչ կար կանաչ դաշտում։ Տեքստից գտիր ու ներկիր բնություն նշանակող բառերը։
  • Ինչի՞ց էր անհանգստանում կարմիր պառավ ձին։
  • Ինչո՞ւ էր զայրանում ձին։
  • Գտիր ու ներկիր այն տողերը, որտեղ խոսվում է հովտի ձայների մասին։
  • Գտիր ու ներկիր քուռակին նկարագրող տողերը։
  • Գտիր ու ներկիր այն տողերը, որտեղ երևում է, թե ինչ գիտի կարմիր պառավ ձին։
  • Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է լինելու հետո։ Գրիր մեկ նախադասությամբ։

Կանաչ դաշտը.  Հրանտ Մաթևոսյան

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:

Advertisements