09.19.2016

 Հայոց լեզու

Նախադասության երկրորդական անդամներ։ Տեքստից դուրս գրել գոյականի և բայի լրացումները լրացյալի հետ միասին։ Բացատրել դրանց իմաստը՝ որը գոյականի կամ բայի ինչն է ցույց տալիս։

Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը

Ինքնագնահատական
Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ինքնագնահատականի մեխանիզմը բացահայտող մի գիտափորձ է արվել։ Սկզբում սոցիոլոգները առաջարկել են մի խումբ երիտասարդների լրացնել ընդհանուր զարգացածությունը որոշող մի քանի շատ պարզ հարցարաններ։ Փորձարկվողները հեշտ գլուխ են բերել հանձնարարությունը, որից հետո նրանց հրավիրել են մի սենյակ, ուր երիտասարդ կանայք են։ Թեստը հաջող լրացրածները, այսինքն՝ գիտափորձի բոլոր մասնակիցները, հեշտությամբ ծանոթացել են ամենագեղեցիկ աղջիկների հետ։
Երիտասարդների հաջորդ խմբին նույնպես առաջարկել են հարցարան լրացնել, բայց այս անգամ՝ զգալիորեն բարդացված։ Ոչ ոք գլուխ չի հանել առաջադրանքից։ Աղջիկների հետ հանդիպելիս համարձակվել են զրույցի բռնվել նրանցից համեմատաբար ավելի քիչ հմայիչների հետ։
Աղջիկների հետ կատարած գիտափորձի արդյունքը նույնն է եղել։ Եթե աղջիկները հաջողությամբ հաղթահարում են հեշտ հարցարանը, անվարան ծանոթանում են ամենահմայիչ երիտասարդների հետ և արհամարհանքով վերաբերվում նրանց, ում համարում են իրենց ուշադրությանն անարժան։
Այսպես, հասարակ փորձի միջոցով հնարավոր է շահագործել ինքնագնահատականը։ Ամեն մարդ ստանում է լավ կամ վատ գնահատական հասարակությունից, որի ներսում ապրում է։ Նրա ինքնագնահատականը մեկ բարձրանում, մեկ իջնում է՝ կախված դրվատանքից կամ նախատինքից։ Եթե ուզում եք իրոք ազատ մարդ լինել, պիտի հաղթահարեք կախումը «աղել-յուղելուց» և ինքներդ ձեզ միավորներ տաք։ Այդ դեպքում ինքնագնահատականը բարձրացնելու համար կարելի է ռիսկի գնալ, փորձել ինչ-որ իրոք դժվար մի բան անել՝ հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ։ Բայց չարժե առանձնապես տրտմել, եթե հանկարծ ձախողեք։ Հաղթանակը, բացի ձեր տաղանդից, շատ ուրիշ հանգամանքներով էլ է պայմանավորվում։ Այնպես որ հարկավոր է տոնել ոչ թե հաղթանակը, այլ այն, որ դուք խիզախել եք ռիսկի գնալ։

Տնային հանձնարարություն. «Ինչով է որոշվում իմ ինքնագնահատականը» թեմայով շարադրություն գրել։ Ընդգծել բայի և գոյականի լրացումները իրենց լրացյալների հետ։

Advertisements