09.26.2016

Որոշիչ։ Ինչպիսի՞ , ո՞ր, որքա՞ն հարցերին պատասխանող անդամը։ Որոշչի շարադասությունը։ Տրոհվող որոշիչ և տրոհվող հատկացուցիչ։

Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը

Տրված տեքստից դուրս գրել ստորոգյալները, որոշիչներն ու հատկացուցիչները, որոշել ստորոգյալների տեսակը։

Պատրանք
(ըստ Ավ. Իսահակյանի)

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:
Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր՝ աչքով անտեսանելի ծաղկաբույր պարտեզները օձուտ ու տատասկոտ անապատների վրա:
Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները՝ բարի և ազնիվ գործերի մասին. հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները՝ մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների՝ ճանաչողության ծարավ սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների՝ կենցաղի մեջ քնած խիղճը վրդովում մի պահ:
Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:
Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի՝ արյունը սառեցնող հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատսպար գուսանի մարմինը:
Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:
Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը, և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին իր կյանքը:

Տնային.

  1. Նախորդ տեքստի շուրջ էսսե գրել՝ «Պատրանքների աշխա՞րհ, թե դառը իրականություն» թեմայով։
  2. Կետադրել տրված նախադասությունները։ Բացատրել, թե որ նշանը ինչի համար է դրված։
  • Հեծվորը Կոստան աղան էր սպիտակ ձիու վրա…
  • Վեց շուն ուներ մեկը մյուսից կատաղի։
  • Բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ։
  • Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին։
  • Անտառը խշշում էր քամու ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով։
  • Ընդարձակ փողոցը ողողված էր լուսապաստառի աչք շլացնող փայլփլուն լույսով։
  • Ծաղկունյաց լեռների կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։
  • Այդ երեկո իմ նավակով զբոսնում էի ծովի աղջամուղջից կամաց-կամաց մթնող խաղաղ ջրերում։
Advertisements