10.10.2016

Ներբեռնել շաբաթվա աշխատանքները։
9-րդ դասարան, 10-10-14-10

  1. Ընդգծել գոյականական անդամի բոլոր լրացումները։
  2. Առանձնացնել անծանոթ բառերը, բառարանի միջոցով բացատրել դրանք
  3. Փոխադրել տեքստը քաղաքապետի անունից այնպես, որ երևա ա) քաղաքապետի վերաբերմունքը դերվիշին, բ) քաղաքապետի վերաբերմունքը այս պատմությանը (ինչու է ինքը սա պատմում, ինչ դաս է քաղել սրանից քաղաքապետը)

 

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.
-Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:
-Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:
-Այո՛:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
– Հետո՝ վեզիր:
– Հետո՞:
-Փոխարքա:
– Հետո՞:
-Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:
-Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
-Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

Ըստ Ավ. Իսահակյանի

Advertisements