11.23.2016

Ընթերցանություն

  • Ո՞ր ժանրի մեջ կդասեիր այս պատմվածքը։
  • Բնութագրիր կերպարներին։
  • Ի՞նչ մտքեր է ծնում այս պատմվածքը։ Հնարավո՞ր է՝ մեզնից ամեն մեկը ինչ-որ մի աշխարհ է կործանում՝ առանց դրա մասին իմանալու։ Ի՞նչ ենք մտածում, երբ ճզմում ենք մրջյուններին։ Իսկ երբ վատ ենք վարվում մեզնից թույլերի հետ, մտածո՞ւմ ենք, որ գուցե բառերով կործանում ենք նրա հոգու մեջ ինչ-որ բան։ Այս թեմայով մտքերդ մեկ էջի սահմաններում գրառիր որպես էսսե։

 

Ռոբերտ Շեքլի
«Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ»
«
Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
-Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ, բայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձ. ուրիշ ոչ ոք։
Երազիս ես պատասխանեցի.
-Չարժե ներողություն խնդրել, էնքան էլ լավ երազ չէր. եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել…
-Մի միայն դուք,- ասաց ձայնը,- հակառակ դեպքում ես ու իմ ժողովուրդը դատապարտված ենք կործանման։
-Տեր Աստված,-աղաչեցի ես։
Նրա անունը Ֆորկա էր և սերում էր շատ հին ցեղից։ Անհիշելի ժամանակներից նրա ցեղակիցները ապրել են արձակ դաշտերում՝ շրջապատված հսկայական լեռներով։ Նրանք միշտ խաղաղ են ապրել, օրինակելի օրենքով, իսկ երեխաներին դաստիարակել են սիրով ու հանդուրժողականությամբ։ Նույնիսկ ունեցել են իրենց ականավոր նկարիչները։ Ու, չնայած նրանցից ոմանք թուլություն են տածում թունդ խմիչքների նկատմամբ, երբեմն էլ, ճիշտ է, շատ հազվադեպ, մեռել բռնի մահով, նրանք իրենց համարում են բարի և հարգանքի արժանի մտածող էակներ, որ….
-Լսեք,- ընդհատեցի ես,- գուցե միանգամից անցնենք գործի՞. Ձեր անհետաձգելի գործին։
Ֆրոկան ներողություն խնդրեց շատախոսության համար, բայց բացատրեց, որ իր աշխարհում խնդրանքը պիտի հաջորդի խնդրողի բարոյական արժանիքների ընդարձակ շարադրանքին. այդպես է գործող կարգը։
-Դե լա՜վ,- հանգստացրի նրան,- եկեք գործի անցնենք։
Ֆրոկան շունչ քաշեց ու սկսեց։ Նա պատմեց ինձ, որ մի հարյուր տարի առաջ (ժամանակի մասին իրենց պատկերացմանը համապատասխան) երկնքից իջավ անհավանական չափսերի դեղնակարմիր մի սյուն։ Սա վայրէջք է կատարել իր մեծությամբ երրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անհայտ Աստծո հուշարձանի մոտ։ Սյունն իրենից ներկայացնում էր տձև և երկու միլի ջրջագծով մի գլան։ Բնության բոլոր օրենքներին հակառակ սա հանկարծ բարձրացել է վեր և սարքերի համար դարձել անհասանելի, հետո նորից իջել նախկին տեղը։ Այդ ժամանակ նրանք որոշել են ազդել գլանի վրա ցրտի, տաքի, մանրէների, պրոտոնային ռմբակոծության միջոցով, վերջապես բոլոր հնարավոր միջոցներով, բայց՝ ապարդյուն։ Սարսռազդու մեծությամբ՝ նա անշարժ կանգնեց ուղիղ հինգ ամիս, տասներկու ժամ և վեց րոպե։ Հետո, առանց որևէ ակնհայտ պատճառի, գլանն սկսեց շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Շարժման միջին արագությունը կազմում էր ժամում 78.881 մղոն (արագության մասին իրենց պատկերացմամբ)։ Սա երկայնության 183.223 և լայնության 20.011 աստիճանի վրա փորեց մակերեսը, որից հետո անսպասելիորեն անհետացավ։
Այս անհավանական իրադարձությունը ուսումնասիրելու համար սիմպոզիում հրավիրվեց, որին մասնակցում էին գիտության բոլոր լուսավոր գլուխները։ Եզրահանգման փաստաթղթում նրանք հայտարարեցին, որ այդ երևույթը չի բացատրվում, առանձնահատուկ է և, ամենայն հավանականությամբ, հետագայում չի կրկնվի։
Բայց ուղիղ մի ամիս անց դա կրկնվեց։ Այս անգամ գլանն իջավ մայրաքաղաքի մոտ։ Հաճախակի անկանոն գործողություններ կատարելով՝ նա վայրէջքի տարածքից 820.331 մղոն տեղաշարժվեց։ Հասցված վնասը հսկայական էր։ Ոչ մի հաշվարկի մեջ չէր տեղավորվում։ Մի քանի հազար կյանքեր կործանվեցին։
Մի ամիս և մի օր անց գլանը նորից հայտնվեց, և այս անգամ տուժեցին բոլոր երեք գլխավոր քաղաքները։
Հիմա բոլորն էլ հասկացան, որ չհասկացված կամ չհասկացվող երևույթը վտանգավոր է ոչ միայն առանձին վերցրած ամեն մեկի կյանքի համար, այլև ամբողջ քաղաքակրթության համար ընդհանուր առմամբ, կործանման եզրին է հասցնում ամբողջ ժողովուրդը։
Բնականաբար, հնարավոր ողբերգության մասին միտքը քաղաքացիների հոգին լցրեց հուսահատությամբ։ Համատարած հիստերիայի ալիքը փոխվեց համատարած անտարբերության ալիքով։
Չորրորդ հարվածը հասցվեց մայրաքաղաքից արևելք՝ մի անապատ տեղում։ Վնասն աննշան էր, բայց ժողովրդի մեջ տագնապը գլուխ բարձրացրեց, մի իսկական տագնապ, ինչի արդյունքում շատերը ինքնասպան եղան։ Դրությունը ծայրահեղ սրվել էր։ Իսկական գիտությունների հետ օգնության կոչվեցին և կեղծ գիտությունները։ Քննարկվում էր ցանկացած տեսություն ու առաջարկ, ով էլ առաջ քաշած լիներ՝ բիոքիմիկը, գուշակը, թե աստղաբանը։ Կախվում էին նույնիսկ ամենացնորական գաղափարներից, մանավանդ նրանից հետո, երբ մի ամառային մղձավանջային գիշեր հին չքնաղ Ռաս քաղաքը երկու արվարձաննրով ենթարկվեց լիակատար ոչնչացման։
-Ներեցեք,- ընդհատեցի նրան,- անկասկած այդ ամենը շատ տխուր է, բայց ես ինչ-որ չեմ հասկանում՝ ինչ օգնություն եք ինձնից ակնկալում։
-Ես հենց ուզում էի դրան անցնել,- պատասխանեց ձայնը։
-Այդ դեպքում շարունակեք,- թույլ տվեցի ես։- Միայն խորհուրդ չեմ տա երկար ձգեք, որովհետև կարծես թե արթնանում եմ։
-Շատ դժվար է այս պատմության մեջ իմ դերը բացատրել,- շարունակեց Ֆրոկան։
-Մասնագիտությամբ ես հաշվապահ եմ։ Բայց մի շարք հոբբիներ ունեմ. որպես ժամանց՝ հանուն կատակի, մեթոդներ եմ մշակում, որոնք ընդարձակում են մեր ուղեղի հնարավորությունները։ Վերջերս ես գիտափորձ արեցի մի քիմիական տարրի միջոցով. մենք դրան «կոլա» ենք ասում։ Դա խոր պայծառացում առաջացնելու հատկություն ունի։
-Մենք էլ այդ տեսակ քիմիկատներ ունենք,- տեղը դրեցի։
-Նշանակում է՝ ինձ կհասկանաք։ Ուրեմն, ճանապարհորդության ժամանակ (պիտի որ այդ եզրույթը Ձեզ ծանոթ լինի) այդ պրեպարատի ազդեցության տակ հանկարծ տեսա և հասկացա…. ինձ վրա հայտնություն եկավ… Բայց ախր դա շատ դժվար է բացատրել։
-Ոչինչ, ավելի համարձակ եղեք,- շտապեցրի,- ըստ էության խոսեք։
-Մի խոսքով,- ասաց ձայնը,- հասկացա, որ իմ աշխարհը գոյություն ունի շատ հարթությունների վրա՝ատոմային, ենթաատոմային, վիբրացիոն. դա անվերջ բազմությամբ իրականության մակարդակներ ունի, և դրանք բոլորը բաղկացուցիչ մասն են գոյության այլ մակարդակների։
-Ես դա գիտեմ,- արդեն սկսում էի նյարդայնանալ։ — Վերջերս պարզեցի, որ ձեր բոլոր ասածները իմ աշխարհին էլ է վերաբերում։
-Եվ այսպես, — զարգացրեց իր միտքը Ֆրոկան,- ես պարզեցի, որ մեր մակարդակներից մեկը գտնվում է արտաքին ազդեցության տակ։
-Ավելի կոնկրետ, խնդրում եմ,- ասացի։
-Իմ վարկածի համաձայն միջամտությունը մոլեկուլյար մակարդակում է։
-Ապշեցուցիչ է,- բացականչեցի։ — Հիմա՝ ի՞նչ, կարողացել եք պարզել այդ ազդեցության բնո՞ւյթը։
-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց ձայնը։- Բայց ոչ մի ապացույց չունեմ։ Ողջը կանխազգացման վրա է։
-Ես էլ եմ հավատում կանխազգացմանը,- ոգևորեցի,- այնպես որ շարադրեք ձեր ենթադրությունները։
-Հիմա,- անհամարձակ արտասանեց ձայնը,- մի խոսքով՝ ես եկել եմ այն եզրակացության (մաքուր կանխազգացում է), որ իմ աշխարհը մի մանրէաչափ մակաբույծ է ձեր մարմնի վրա։
-Ավելի պարզ, խնդրում եմ։
-Լավ։ Ես հայտնաբերել եմ, որ իրականության հարթություններից մեկի դիտակետերից մեկում իմ աշխարհը գոյություն ունի Ձեր ձախ ձեռքի ցուցամատի և միջնամատի հոդերի մեջտեղը։ Սա այդտեղ է մեր թվարկությամբ արդեն մի քանի միլիոն տարի։ Հասկանալի է, որ ձեզ համար դա ընդամենը մի քանի րոպե է։ Ես ոչ մի ապացույց չունեմ և, իհարկե, Ձեզ ոչնչում չեմ մեղադրում…
-Դե, ոչինչ, ոչինչ,- հանգստացրի նրան,- ուրեմն՝ ասում եք՝ ձեր աշխարհը տեղակայված է ձախ ձեռքիս ցուցամատի ու միջնամատի հոդերի մեջտե՞ղը։ Հրաշալի է։ Եվ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
-Գիտե՞ք ինչ, չգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք իմ վարկածը… Ենթադրում եմ, որ վերջերս հենց իմ աշխարհի տեղակայման շրջանում ձեռքը քորելու կարիք եք ունեցել։
-Ձեռքս քորելո՞ւ։
-Կարծում եմ՝ այդպես է։
-Կարմրավուն գլանն իմ մատներից մե՞կն է։
-Հենց այդպես։
-Եվ դուք ուզում եք, որ ես դադարեցնեմ քորելը։
-Միայն այդ հատվածը,- շտապով ասաց ձայնը։ — Սոսկալի ամաչում եմ, որ ստիպված եմ Ձեզ նման հարցով դիմել։ Դա անում եմ միայն իմ քաղաքակրթությունը լրիվ բնաջնջումից փրկելու հույսով։ Ներեցեք, խնդրում եմ։
-Հարկ չկա ներողություն խնդրելու,- ընդհատեցի նրան,- բանական արարածները ոչնչից չպետք է ամաչեն։
-Շնորհակալ եմ բարի խոսքի համար,- իր երախտագիտությունը հայտնեց ձայնը։- Չէ՞ որ մենք՝ ոչմարդանման մակաբույծներս, իրավունք չունենք Ձեզնից որևէ բան պահանջելու։
-Բոլոր բանական էակները պիտի համախմբված լինեն, իրար օգնեն,- ասացի,- պատվովս եմ երդվում, այլևս երբեք, մինչև մահ չեմ քորի ձախ ձեռքիս բթամատի ու ցուցամատի հոդերի արանքը։
-Ցուցամատի և միջնամատի,- ուղղեց ինձ։
-Ընդհանրապես ձախ ձեռքիս մատները չեմ քորի։ Հանդիսավոր կերպով երդվում եմ և խոստանում, որ քանի դեռ կենդանի եմ, չեմ դրժի խոսքս։
-Տեա՛ր, — հուզված արտասանեց ձայնը,- Դուք փրկեցիք իմ աշխարհը։ Բառերը չեն կարող արտահայտել իմ երախտագիտության աստիճանը։ Եվ այնուամենայնիվ ասեմ, որ ես ձեզ անսահման շնորհակալ եմ։
-Դե լա՜վ, լա՜վ, կարիք չկա,- ասացի։ Ձայնը վերջնականապես լռեց, և ես արթնացա։
-Զարմանալի երազը հիշելով՝ բաց արի դեղատուփս և բինտով փաթաթեցի ձախ ձեռքիս մատների հոդերը։ Արդեն մի շաբաթ է՝ կապած եմ պահում և, հակառակ ցանկությանս, չեմ քորում, նույնիսկ չեմ լվանում ձախ ձեռքս։
Եկող շաբաթվա վերջին բինտը կհանեմ։ Ոնց հաշվում եմ՝ այդքանը նրանց իրենց թվարկությամբ ապահովում է մի քսան-երեսուն միլիարդ տարվա լիարժեք հանգիստ, ինչը միանգամայն բավարար է ցանկացած քաղաքակրթության համար։

Բայց հիմա ինձ մի ուրիշ բան է անհանգստացնում։ Բանն այն է, որ վերջերս ինձ վտանգի ինչ-որ կանխազգացում է պատել։ Պատճառը Սան Անդերս Ֆոլտի շրջանում երկրաշարժն է, նաև Մեքսիկայի կենտրոնական մասում հրաբուխների արթնացումը։ Մի խոսքով, երբ այս իրադարձությունները համադրում եմ, իսկական սարսափ է ինձ պատում։
Դրա համար, ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ, բայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Եվ միայն Դուք կարող եք ինձ օգնել. ուրիշ ոչ ոք…

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը
  • Քանի՞ տարի է ապրում Գրենլանդիայի շնաձուկը։
  • Ինչո՞վ է պայմանավորված շնաձկան դանդաղ աճը։
  • Ո՞ր տարիքում կարող է ձագ ունենալ այդ շնաձուկը։
  • Այդ շնաձուկը սովորաբար հարձակվո՞ւմ է մարդկանց վրա։
  • Իսկ մարդիկ որսո՞ւմ են այդ շնաձկանը։

 

Մենք գիտեինք, որ որոշ կենդանիներ, ինչպիսիք են գալապագոսյան հսկա կրիան և կետը, ապրում են 200 տարի, սակայն պարզվում է, որ Գրենլանդիայի շնաձուկը կարող է ապրել մինչև 4 դար: Պատկերացրեք, որ կա կենդանի, որն ապրում է 2016թվին, բայց ծնվել է Լյուի 13-ի թագավորության ժամանակ (1610-1643 թ.): Վերջերս մի ուսումնասիրություն է հրապարակվել «Գիտություն» ամսագրում, որում հաստատվում է, որ գրենլանդական շնաձուկը միակ ողնաշարավոր կենդանին է, որ կարող է ապրել 400 տարի: Նրա գաղտնի՞քը։ Շնաձկան դանդաղ աճը պայմանավորված է Ատլանտյան օվկիանոսի սառը ջրերով (2-7˚C) : Նա տարեկան աճում է 1սմ և կարող է ձագ ունենալ 150 տարեկանում: Մա ամենամեծ մսակեր շնաձուկն է, Սպիտակ շնաձկան հետ միասին (կարող է հասնել 7.5 մետր երկարության): Շատ զգուշավոր է, և նրան առաջին անգամ կարողացել են նկարել 1995 թվին:

Գրենլանդական շնաձուկը ամենաթունավոր ձուկն է, սակայն այդ փաստը մարդկանց չի խանգարում ուտելու նրա միսը։ Շատ գնահատվում է Գրենլանդիայում և Իսլանդիայում:

Նրա միսը պիտի եփվի մի քանի անգամ, որպեսզի միջի նեյրոտոքսինները դուրս գան: Մարդկանց դեմ հարձակումներ գրեթե չկան, միայն մեկ անգամ է այդպիսի դեպք եղել:

  1. Դուրս գրիր կենդանի նշանակող բառերը։
  2. Դուրս գրիր աշխարհագրական անունները։
  3. Դուրս գրիր բոլոր թվերը և դրանց կողքին նույն թվերը գրիր բառերով։
Advertisements