Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

img_20181220_135147Նվերն արժանավայել ընդունելն առանձնահատուկ մշակույթ է։ Ես այդ մշակույթին չեմ տիրապետում, և խնդրում եմ ներել ինձ՝ ստացած նվերներին սպասվածի պես չարձագանքելու համար. որքան էլ գիտակցությունս ընկալում է, որ նվերը նախ և առաջ նվիրողին է բնորոշում, սիրտս ընկալում է այն որպես ի՛մ գնահատական։
Իսկ ինձ համար, ինչպես ցանկացած մարդու համար, ինքնագնահատականն է ամենակարևորը, որովհետև երջանկությունը հենց այն դեպքում է տևական ու անխաթար, երբ քո իսկ գնահատականով դու լավ, ճիշտ ու հագեցած ես ապրել, երբ դու՝ ինքդ գոհ ես քեզնից։

Որքանով եմ ես ինձնից գոհ անցած շրջանի աշխատանքիս համար՝ փորձեմ պարզել։

Հմտություններ կան, որ չեն մշակվում ոչ մի ծրագրով ո՛չ տանը, ո՛չ դպրոցում։ Այնինչ կենսականորեն անհրաժեշտ այդ հմտությունները ամեն քայլափոխի փորձության առիթ են դառնում։ Ենթադրվում է, որ ոչ հեռու ապագայում հաջողակ են լինելու ոչ այնքան այն մարդիկ, որոնք իրենց մտապահումով ու մտապահածի ծավալով հանրագիտարան են հիշեցնում, որքան նրանք, որ տեղում որոշում են, թե առաջացած խնդրի լուծման համար իրենց հատկապես ինչ տեղեկություն է հարկավոր, և որտեղից (ումից) կարող են այդ տեղեկությունը գտնել։ Ընթացիկ ուսումնական տարում  թե՛ սովորողների, թե՛ ինձ համար նախատեսել էի որպես թիրախ հենց այդպիսի հմտություններն ունենալ։

Տարին սկսեցի «Ճկուն հմտություններ» նախագծով, որ պիտի ներառեր տարբեր թեմաներով զրույց-քննարկումներ, քննարկումները պիտի պատրաստեին սովորողները, հավաքեին մասնակիցներին, պիտի ձևակերպեին իրենց տեսակետը, ապահովեին, որ քննարկումն անցներ անկաշկանդ, բայց բարեկիրթ մթնոլորտում։ Համագործակցեցի Սոֆյա Այվազյանի հետ, այդպիսով հանդիպումները դարձան ավելի ընդգրկուն, մասնակիցները՝ տարատարիք ու տարբեր հետաքրքրությունների տեր։ Նախագիծը մտածված է ընդհանրապես տարբեր ձևաչափերով կլոր սեղաններ, հավաքներ, քննարկումներ անցկացնելիս կազմակերպչական հմտությունները զարգացնելու համար, ինչն էլ նպաստեց, որ ճկուն հմտությունները շարունակենք մշակել նաև այլ նախագծերն իրականացնելիս։ Այդպես էր, օրինակ, «Սասունցի Դավիթ» նախագծի վերջին՝ խաղ-մրցույթի փուլը անցկացնելիս, երբ մասնակիցների բացակայության պատճառով արագ վերակազմավորվեցին մրցող թիմերը։ «Պոեզիան երաժշտության մեջ» համագործակցային նախագծում սովորողներն ընտրեցին՝ որ երգերը իրենց հիմք պոեզիայով ներկայացնեն, որը միայն թարգմանեն, ով երգի, ով նվագակցի, ինչպես ներկայանան և այլ մանրամասներ։ Ճիշտ է, սկզբնական նպատակից՝ բացառապես դասական պոեզիայի հիման վրա գրված երգերի ընտրությունից մի քիչ շեղվեցինք, բայց նախագիծն ընդհանուր առմամբ ստացվեց։ Ինձ համար նախագիծը թանկ է նաև դասավանդողների մասնակցությամբ. ո՞վ կմտածեր, որ Ժաննա Հակոբյանն այդպես քնքուշ երգել գիտի։

Ընդհանրապես համագործակցությունն օտար լեզուների դասավանդողների հետ բարեբեր է։ «Կարդում ենք դասական արձակ» նախագիծը դրա հերթական ապացույցն է։ Առիթ ունեցանք լավ գրականություն կարդալու։ Սովորողները անգլերեն ու ռուսերեն կարդացին ու քննարկեցին (և դեռ շարունակում են կարդալ ու քննարկել) բնագրով, իսկ պարսկական, իսպանալեզու գրական նմուշները կարդացին հայերեն՝ ծանոթանալով մտածողությանն ու մշակույթին։

«Կարդում ենք» նախագիծը իր տարբեր փուլերով ամբողջ կյանքի համար է, դեռ քննարկումներ ու բացահայտումներ ունենանելու ենք ինչպես հունվարյան նախագծային ճամբարի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։

Եթե հաշվի առնենք, որ ձեռնարկածս նախագծերը հիմնականում հաջողել եմ, դրան գումարենք տևական բաց նախագծերը՝ «Սուրհանդակ», «Էթիկետ» ռադիոները, «Թարգմանիր» ամսագիրը, այս տարի լրագրողական խմբի հետ ձեռնարկած «Օրագիր» օրաթերը, նաև երկու հոդված ու խմբագրական աշխատանքը «Դպիրում», աշխատանքը մասնախմբի հետ, թերևս իմ աշխատանքից գոհ լինելու հիմքեր ունեմ։

Դե, ուրեմն՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Թող 2019-ը լինի նախագծումների ու իրականացումների տարի։ Թող լինի առնվազն նույնքան բեղմնավոր, որքան անցած տարին էր ու թող լինի առնվազն նույնքան խաղաղ ու արմատական փոփոխությունների տարի։ Ու թող հմտանանք վերջապես նաև նվերն արժանավայել ընդունելու գործում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s