Հայերեն առցանց գրականության նոր հարթակ

DSC01474-980x612Թվային գրադարաններ ունեինք, նաև հայերեն թվային գրադարան՝ Հայ մատենագրութեան թուանշային գրադարանը։ Բայց օրեցօր զարգացող ու հաստատվող թվային մշակույթը ավելի լուրջ մարտահրավերներ է նետում հանրությանը։ Ահա ի պատասխան այդ մարտահրավերներին՝ ՀԲԸՄ -ում մարտի 21-ին «Հայ գրականության ապագան ժամանակակից ընթերցողի համար» թեմայով հավաք էր։ Ներկա էին գրադարանավարներ, դասավանդողներ, հետաքրքրված հանրություն և, իհարկե, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։
Հավաքը եռամաս էր։ Առաջին մասում Թեքնոլինգվիսթիքս հասարակական կազմակերպության գործունեությունը ներկայացրեց Մարտիկ Չոլաքյանը։ Նա իր զեկույցով տեղեկացրեց հասարակական կազմակերպության՝ լավագույն մասնագետների հետ կատարած աշխատանքը՝ թվանիշային գրքերի և ձայնագրքերի ստեղծում և՛ արևմտահայերենով, և՛ արևելահայերենով, և որպես դրանց տարածման ու հասանելի դարձնելու հարթակ ներկայացրեց նաև «VLUM» էլեկտրոնային գրադարանը։  Կազմակերպության հիմնադիրները երկարամյա ներդրումներ են արել ստեղծելու այս գերժամանակակից շարժական ընթերցանության հարթակը, որը հասանելի է դարձնում էլեկտրոնային գրքերն ու ձայնագրքերը աշխարհասփյուռ հայությանը:

Երկրորդ մասը բանավեճ- քննարկում էր, որի բանախոսներն էին հանրության մեջ հայտնի  հրատարակչական, գրական ու կրթական գործիչներ։ Բանավեճի հիմնական առարկան «VLUM»-ի գործունեության օրինական դաշտում լինելն էր, մասնավորապես, Արքմենիկ Նիկողոսյանի բնութագրմամբ, հեղինակային իրավունքների զգայուն խնդիրը։ Մարտիկ Չոլակյանը պատասխանեց, որ հեղինակային իրավունքները պաշտպանվում են, ինչպես նաև պաշտպանվում են թրթային տարբերակով գրքի հրատարակչի ձեռք բերած իրավունքները։ Բայց այն հեղինակները, որոնց կհրաժարվեն տպագրել՝ ռիսկային համարելով, կարող են իրենց ճանաչումը գտնել հենց «VLUM»-ի էջում։ Բանախոսը ներկայացրեց նաև, որ կայքը հարմար է լինելու մանավանդ օգտատեր ընթերցողի համար, որովհետև պիտի հետևի յուրաքանչյուր ընթերցողի նախասիրություններին ու նրան տեղյակ պահի նորություններից, առաջարկի ընթեցանության՝ հատկապես նրա հետաքրքրությունների սահմանում եղած նյութերը։ Հենց այդտեղ էլ հանձնարարություն ստացավ մյուս բանախոսից՝ Մերուժան Կարապետյանից՝ հասնելու նրան, որ համացանցում հայերեն ձայնաճանաչումն էլ իրականացվի։
Վեճերը գուցե շատ թեժանային, եթե առջևում հանդիպման երրորդ մասը՝ գինու գավաթի շուրջ մտքերի փոխանակության հեռանկարը չլիներ։

Կարծում եմ՝ ««VLUM»-ի զարգացմանը զուգընթաց հարկ կլինի համագործակցել, քանի որ, ինչպես երևում է, նոր հարթակի ամենաակտիվ սպառողները հենց մեր սաներն ու դասավանդողներն են լինելու։

 

Advertisements