Ճկուն հմտությունները՝ կրթական թիրախ

IMG_20190409_093548Գիտելիքն անշուշտ կարևոր բան է։ Որքան շատ գիտես, այնքան ինքդ էլ կարևոր ես ու հարգելի։ Դրա համար պատվախնդիր մարդը ձգտում է շատ իմանալ։ Մարդն ուզում է հարգանք վայելել, ուզում է հեղինակություն ունենալ, ուզում է բոլորից լավը լինել, բոլորին հաղթած լինել, մրցած ու հաղթած։

Ընդհանրապես մրցումը հզոր դրդապատճառ է հաջողությունների հասնելու համար։ Բայց ի՞նչն է հատկապես դրդում մարդուն մրցության ժամանակ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, ժամանակակից մանկավարժության ակտիվ գործիչ , «Апельсин» նախակրթարանի հիմնադիր (Ռուսաստան) Դիմա Զիցերն այդ առթիվ իր «Մարդկայնության գազանային ատամները» հոդվածում գրում է, որ դա գալիս է այն ժամանակներից, երբ ուրիշից առաջ անցնելը նշանակում էր ոչ միայն դրության տերը լինել, այլև ողջ մնալ։ Այսինքն՝ սա բնազդային մոտեցում է, որ մշակման, մարդկայնացման կարիք ունի.  նույն հոդվածում հեղինակն ասում է. «Իսկ մարդկայինն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ սեփական բնազդային կոչերն ուսումնասիրելն ու նկատելը և գիտակցաբար որոշելը, թե ինչպես վարվենք»։

Գիտակցական մոտեցումն այսօր մրցությունը ամենևին էլ հաջողության ճիշտ ճանապարհը չի համարում։ Իր գիտելիքներով մյուսներին «հաղթած» մարդը կարող է և ձախողվել սեփական գործունեության մեջ, հնարավոր է՝ ոչ ստանդարտ իրավիճակում կողմնորոշվել չկարողանա և չի բացառվում, որ հասարակության մեջ չհաջողի ոչինչ, եթե չունի հենց այն հմտությունները, որոնք նման խնդիրներ լուծելու համար են։

Այսօրվա մրցությունը կյանքի, շրջակա միջավայրի, աշխարհում կատարվող բազմաբնույթ փոփոխությունների նետած մարտահրավերների հետ է, որտեղ միայնակ «հաղթել» չես կարող, հետևաբար հարկավոր են արդյունավետ հաղորդակցումը, թիմային աշխատանքը, հարմարելիությունը, խնդիրներ լուծելու կարողությունն ու ստեղծականությունը ապահովող հմտություններ։ Սրանց արդեն մի քանի տարի է՝ Եվրոպաներում «Soft skills» անունն են տվել, որ հայերեն ես անվանում եմ «ճկուն հմտություններ»[1]։

Ճկուն հմտությունները, ի տարբերություն «կոշտ» հմտությունների, որոնք մարդ ձեռք է բերում մասնագիտություն սովորելիս, վերաբերում են զգացմունքային ինտելեկտին, բնական հնարավորություններ են, որ օգնում են մեզ համագործակցելու միմյանց հետ։

Այդ հնարավորություններից ամենատարածվածն ու գործածելին հաղորդակցական և համագործակցային հմտություններն են, որոնք էլ անցած ուսումնական տարում աշխատանքիս թիրախն էին։

Ավանդական դպրոցն իր հաղորդակցական կանոններն ունի. հարցնում են, պատասխանում ես, աշխատում ես պատասխանել այն, ինչ քեզնից սպասում են, և կարևոր չէ՝ որքանով է քո ասածը համապատասխանում քո մտածածին, նաև կարևոր չէ՝ այդ մասին մտածում ես, թե՞ չէ։ Բայց դեռահասները մեծերիս ասելիք ունեն, ուզում են խոսել։ Սկզբում կաշկանդված, կասկածով, հետո՝ ավելի ու ավելի համարձակ մեր կրթահամալիրի սաներն սկսեցին խոսել դեռ նախորդ տարվա ամառային ճամբարի ժամանակ՝  քննարկումների «Խարույկ» նախագծի շրջանակում։ Սկզբում ընտրում էին առաջարկված թեմաներից, հետո իրենք սկսեցին թեմաներ առաջարկել և ավելի բաց լինել։ Այդ ժամանակ նպատակս քաղաքակիրթ քննարկմանը սովորեցնելն էր, բայց բացահայտում եղան սովորողների հոգևոր աշխարհը, նրանց հուզող խնդիրները, խոսելու-ասելու ցանկությունը։

Հաջորդ տարվա համար նախագիծը լրացրի քննարկման թեմաների ու ձևաչափի տարատեսակությամբ։ Նորացված նախագիծը կոչեցի «Ճկուն հմտություններ»։  Նախատեսում էի մշակել հաղորդակցական, համագործակցային հմտություններ (դեռ՝ այդքանը)։ Տարին սկսեցինք «Համակեցության օրենքները» թեմայով քննարկումով։  Կազմակերպումը՝ հարցադրումները, հրավիրված լսարանը, տեղի ու ժամի համար անհրաժեշտ մարդկանց հետ պայմանավորվելը, հայտարարության հրապարակումը, քննարկումից հետո լուսաբանման կազմակերպումը հանձնարարեցի սովորորողների խմբին։ Պիտի այդ խումբն իր ներսում համաձայնության գար, աշխատանքի բաժանում աներ ու իրականացներ քննարկումը։ Առաջին քննարկումը քիչ էր մնում տապալեինք, որովհետև մինչև վերջ հաշվի չէր առնվել դասացուցակը, մասնակիցների հստակ ցանկը, հանդիպման ժամանակը։ Իհարկե, մեծերիս միջամտությամբ խոչընդոտները հարթվեցին, բայց հանդիպումից հետո ուշադրություն հրավիրեցի կազմակերպչական բացթողումներին՝ հաջորդ անգամվա համար։

Փորձն ընդհանուր առմամբ վարակիչ եղավ։ Քննարկումներ նախատեսել սկսեցին նաև գործընկերներս`հետապնդելով նույն նպատակը՝ կազմակերպող սովորողները հմտանում են կազմակերպման, նախապատրաստական աշխատանքների, արդեն կատարված աշխատանքի գնահատման մեջ։

Իհարկե, քննարկումների շարքը գրավեց նաև դաս-պարտավորությունից փախչել կամեցող սովորողներին։ Պատահեց նաև, որ քննարկում ասածը վերածվեց պարզապես գոռգոռոցի, բայց այդ ձախողումը սովորեցրեց կազմակերպողներին ամեն անգամ քննարկումից անմիջապես առաջ հիշեցնել հավաքի կանոնները։ Աստիճանաբար քաղաքակիրթ քննարկումը դարձավ սովորական։ Իսկ քննարկման առարկա էին դառնում ամենահրատապ խնդիրները։ Ձմեռային ճամբարի օրերին քննարկումներն անցնում էին թեյախմությամբ, և ամեն անգամ տեղեկություն էր տրվում նաև մատուցվող թեյի տեսակի, առանձնահատկությունների մասին։ Սա ևս ճկուն հմտությունների զարգացմանն էր ուղղված, որովհետև թեյ մատուցողը պիտի կարողանար կոտրել բարդույթներն ու տրամադրել լսարանին իր հյուրասիրությունն ընդունելուն։ Որ սովորողները չընկալեն դա որպես լրացուցիչ պարտականություն, թեյախմության «դասեր» ունենում էին նաև ուսուցիչները։
«Գրականություն» բնագավառը ամենահարմար նյութն է տալիս քննարկումների համար. մեղք կլիներ չօգտագործել գրական տեքստերը՝ երկու նպատակ մեկտեղելով։ Օրինակ՝ Իսահակյանի մանր պատմվածքներիքննարկումը ոչ միայն առիթ էր խորանալու հայ դասականի փիլիսոփայության մեջ, այլև անձնական փորձը արծարծելու, տեսակետ հիմնավորելու, փորձելու համոզել քո տեսակետում ընկերներիդ, լսել-հասկանալու նրանց տեսակետը, ընդունելու կամ մերժելու՝ բարեկրթության սահմաններում։ Նույն շարքում Իսպանալեզու գրականության քննարկումն էր, որ սովորողներին բերեց առօրյայից տարբերվող միջավայր, ճանապարհ բացեց դեպի խորհրդավոր գրականությունը, դեպի ենթատեքստերը, ինչ-որ բան նրբորեն ասելու հմտությունները ։ Այստեղ արդեն կարևորը հեղինակի՛ն «լսելն» ու հասկանալու փորձն էր աշխարհայացքն ընդլայնելու հեռանկարով։

Քննարկումը նման է ֆիզիկական մարզման. եթե միշտ նույն վարժություններն անես, մկանների միայն մի խումբը կզարգանա։ Դրա համար հարկավոր է փոխել խաղի կանոնները։ Այս նպատակի ճանապարհին ստեղծվեց խաղ-քննարկումը՝ չինական փիլիսոփայության շուրջ։ Դաոսիզմի տասնյակ դրույթ, որ հասկանալի է գրեթե բոլոր հանրություններին, ընտրեցինք և որոշեցինք քննարկել ժամանակակից մարդու տեսակետից։ Խաղն այստեղ հարցին համակողմանի ու ստեղծականորեն մոտենալու մեջ էր։ Թղթի շերտերի վրա գրված դրույթները + կամ – նշաններն ունեին, ըստ որոնց բանախոսը պիտի դեմ կամ կողմ արտահայտվեր տվյալ դրույթին՝ անկախ իրականում իր ունեցած կարծիքից։ Սա նպաստում է, որ ցանկացած դրույթ թե երևույթ դիտեն համակողմանի, փորձեն հասկանալ հակառակ տեսակետ ունեցողին և անկախ ամեն ինչից տեսակետ հայտնելիս հիմնավորեն այն։

Քննարկման համար նախատեսված մեկ դասաժամն իհարկե քիչ էր, բայց սովորողներն ընդհանուր առմամբ արդյունավետ համարեցին այդ ժամը։

Ապրիլյան հավաքի օրերին որոշեցինք ճամբարային ձևաչափով մի խաղ էլ կազմակերպել։ Սովորողները բաժանվում են երկու խմբի, հերթով ընտրում են նախօրոք պատրաստված հարցերից ու պատասխանում դրանց։ Ամեն ճիշտ պատասխանի համար իրավունք են ստանում ընտրելու նույնպես նախօրոք պատրաստված՝ գունավոր թղթի շերտիկի վրա գրված բանաստեղծական տող։ Երբ հարցերը սպառվում են, գալիս է բանաստեղծական տողերից բանաստեղծություն կամ բանաստեղծական տուն հավաքելու ժամանակը։ Այստեղ էլ պարզվում է, որ նույն բանաստեղծության տողերը տարբեր խմբերի մոտ են։ Հիմա հարկավոր է բանակցել մյուս խմբի հետ՝ անհրաժեշտ տողն ստանալու համար։ Բանակցության համար նախ հարկավոր է հասկանալի և հստակ նկարագրել՝ ինչպիսի տող ես ուզում (քանի վանկանի լինի, ինչ հանգով ավարտվի և այլն)։ Եթե խմբերը փոխանակելու տողեր են ունենում, փոխանակում են։ Քիչ չի պատահում նաև, որ տողի նկարագրությունը բավականաչափ հստակ չի լինում, և խումբը ստանում է ոչ անհրաժեշտ տողը։ Երբեմն էլ իրեն անհրաժեշտ տողի փոխարեն առաջարկելու բան չի ունենում (սեղանին դեռ տողեր մնացել էին), ստիպված ծառայություն է առաջարկում՝ պատասխանել որևէ հարցի կամ կատարել որևէ հանձնարարություն։ Խմբերից մեկն իհարկե ավելի շուտ հավաքեց բանաստեղծությունը, բայց խաղը դրանով չէր ավարտվելու. հարկավոր էր, որ լրացվեին եղած բոլոր բանաստեղծությունները։ Պարզ է՝ սեղանին մնացած տողերի համար դիմում էին «բանկ»՝ այստեղ ևս «վճարելով» հարցի պատասխանելով։ Սկզբում խմբերը դժվար հարցեր էին տալիս  միմյանց բանակցման ու փոխանակման փուլում։ Հետո հասկացան՝ այդպես գործն առաջ չի գնում. հարկավոր է՝ իրար օգնել։
Այս խաղի ժամանակ մշակվեցին բանակցային ու համագործակցային հմտությունները։ Ստեղծված իրավիճակներում սովորողները հասկացան դրանց դերը նպատակն իրականացնելու ճանապարհին։ Դրա հետ մեկտեղ կրկնեցին գրականության պատմությանն ու գրականագիտությանն առնչվող որոշ  դրույթներ, սովորեցին բանաստեղծության տողերից բանաստեղծություն հավաքել, զգացին տաղաչափությունը, հանգավորումը, բառապաշարը, տրամադրությունը և այլն։

Մայիսյան հավաքին տեղին էր արդեն գրականության դասերին ամբողջ տարվա արածը դնել քննարկման։ Այս անգամ քննարկումն անցկացրինք Էդվարդ դե Բոնոյի`մտածողության վեց գլխարկների մեթոդով։ Սա թույլ է տալիս խնդրին մոտենալու տարբեր տեսանկյուններից՝ ի վերջո համակողմանի քննարկելով այն։ Սովորողներն իրենց տեսակետները հայտնել էին լեզվի և գրականության դասերի շուրջ ( Էդիտա Գալստյան,  Շուշան ՊետրոսյանԻնեսսա ՓանոսյանԼիլիթ Գաբրիելյան) Այդ օրը նաև հյուրեր ունեինք այլ դպրոցներից։  Քննարկման մասնակիցները ոչ միայն համակողմանի (բոլոր գլխարկների գույներով) ներկայացրին բնագավառի դասավանդման հիմնական մոտեցումները, այլև անկաշկանդ ու առանց ավելորդ լարումի պատասխանեցին հյուրերի հարցերին, ներկայացրին այն, ինչ քննարկման ժամանակ չէր երևացել, ընդունեցին նրանց նկատառումները, պատմեցին իրենց փորձի մասին։

Բոլոր քննարկումների, խաղ-մրցույթների, հավաք հանդիպումների ժամանակ կարևորել եմ ներկայացնող-վարող սովորողի անհատական հաղորդակցական ու կազմակերպչական հմտությունների վրա աշխատելը։ Նրանք բոլորն էլ (ամեն անգամ՝ տարբեր) պատրաստվել են, բայց հանդիպման ժամանակ առնչվել են խնդիրների, որոնք կանխատեսել չէին կարող։ Հարկ է եղել արագ կողմնորոշվելու։ Ոմանք լուծել են խնդիրը մեծերիս՝ ներկա ուսուցիչների, կազմակերպիչների օգնությամբ։ Եվ դա նույնպես ուսանելի է եղել։ Վարողները բոլորն էլ անհրաժեշտություն են ունեցել հաղթահարելու ներքին տագնապը, ինչը շատ կարևոր է հանրային ելույթների ժամանակ։ Իսկ հանրային ելույթը նույնպես ճկուն հմտության արգասիք է։

Չեմ ասի, թե արդեն կրթահամալիրում բոլոր սաները հաղորդակցական և համագործակցային հմտություններին տիրապետում են, բայց տարվա աշխատանքը արդյունավետ եմ համարում։  Եկող տարվա համար մտադիր եմ որպես թիրախ ունենալ խնդիրների առաջադրման ու լուծման, ստեղծականության, ժամանակի կառավարման ու մնացած ճկուն հմտությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ են լինելու նոր տեքստերի ընտրություն, նոր խաղերի պատրաստում, նոր իրավիճակների ստեղծում, որտեղ ինքնաբերաբար սովորողը կզգա այս կամ այն հմտության կարիքը և ինքը կզբաղվի այդ հմտության զարգացմամբ։

Ամեն օր փոփոխվող այս աշխարհում մարդը միակ մասնագիտությամբ դժվար թե կարողանա հաջողել։ Զարգացած տեխնիկան թույլ է տալիս արագ փոխելու մասնագիտությունը, սովորելու նոր մասնագիտություններ, բայց աշխատանք գտնելու, թիմում ներգրավվելու և ցանկացած գործում հաջողելու նախապայմանը հենց ճկուն հմտություններն ունենալն է, որ առարկայական ուսուցման ժամանակ, որպես կանոն, անտեսվում է։


[1] Հայերեն տեքստերում արդեն գործածվում է «փափուկ հմտություններ» արտահայտությունը, որ իմ կարծիքով շատ ուղղակի թարգմանություն է։

 

Աղբյուրը՝ «Դպիր»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s