Բրունո Շուլց. Դարչնագույն կրպակներ

Բրունո Շուլց
Բռունո Շուլց

Արամ Պաչյանն ասում է՝ «Ընթերցել Բրունո Շուլց, նշանակում է առանց մտածելու դուրս թռչել բաց պատուհանից»։ Այո, որովհետև համարձակություն է պետք տեսնելու համար ձվի կեղևը, որից դուրս ես եկել, և դժվար թե խուսափես քեզ առերեսվելու աղետից։

Բայց ինձ համար Շուլցն ավելի շատ պատկերասրահ էր։ Պատկերները՝ անհաղորդ պատից կախ, ներկայացնում են կյանքի քարացած պահեր։ Ահա՝ շոգ ու ծույլ ամառվա փոշեթաթախ փողոցով երեխաներ են քայլում։ Գնում են դեպի մի կիսավեր շինություն։ Ահա՝ նստած մարդիկ, ինչ-որ ելույթ են լսում։ Բայց մի տղամարդ կիսաբաց ամսագրի էջի վրա ինչ-որ բան է ցույց տալիս մի երեխայի, և դա տղային ապշեցրել-հիացրել ու վախեցրել է (պատկերացնո՞ւմ եք դեմքի արտահայտությունը)։ Կամ՝ բուք է պատի այս կողմում՝  հանգած վառարանի մոտ մտախոհ ընտանիքն է կուչ եկել, իսկ պատի մյուս կողմում վերարկուների մեջ փաթաթված երկու հոգի ինչ-որ բան են քչփչում։

Պատկերները երբեմն ուղղակի սյուրռեալիստական են, ինչպես՝  «Երկինքը նման էր դառնում հին որմնանկարի՝ հրեշներով ու ֆանտաստիկ արարածներով լի, որոնք պտտվում էին, թռչում էին մեկը մյուսի կողքով ու գունավոր ծվածիրով նորից վերադառնում էին» (թարգմանությունները այստեղ և հետո իմն են՝ ռուսերենից)։

Վիպակի ամեն տողից զարմանալի ու մոգական կենցաղին բանալու անցքից հետևող պատանու զարմացած աչքերն են երևում։ Ու մենակ վերջում թղթե թռչունի կերպարում ողբն ես զգում, որ այլևս անտարբեր ես ու չես ճանաչում քո «ստեղծողին». « Հիմարաբար լողլող, անհեթեթաբար հրեշավոր դառնալով՝ դա ներսից դատարկ ու անկյանք էր։ Այդ թռչունների ամբողջ կենսունակությունն անցել էր փետուրին, կատաղի արտահայտվել էր ֆանտասմագորիայում։ Դա ասես վերացած տեսակների թանգարան լիներ՝ թռչնային Դրախտի խորդանոց»։ Պատմությունը դիտարկելի է երկու կողմից. Դու նաև տերը չես քո արարած-ստեղծածի։ Քեզ այլևս չեն ճանաչելու և քո նկատմամբ զգացմունքային որևէ կապ չունեն (չեն կարող ունենալ) քո ստեղծածի սերունդները։ Իսկ դու հա՞շտ ես այդ հեռանկարի հետ, չե՞ս փորձելու վերադարձնել, քեզ ենթարկել արդեն հեռացած «թռչուններին»։ Չե՞ս խելագարվելու մտքից, որ դա անհնար է։

Շուլցի լեզուն՝ գունեղ, անընդհատ բառաստեղծումով, պատկերները, անսպասելի համադրումներն ու մակդրումները տանում են գրականության ու կերպարվեստի այն թաքուն հանդիպավայրը, որտեղից դուրս ես գալու քեզ ներսում մոռացած-թողած։ Տարօրինակ կլիներ, եթե Շուլցը նաև նկարիչ չլիներ։ Ափսոս՝ նկարներից  ոչինչ չի պահպանվել։

«Էքշըն» սիրողների համար Շուլցը կարող է և ձգձգված թվալ, բայց կենցաղի մեջ փիլիսոփայելու հակված ու այդպես հանգստանալ երազող ընթերցողին խորհուրդ եմ տալիս։ Գրքի ռուսերեն տարբերակը՝ այստեղ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s