03.21.2017

  1. Կարդա Միսաք Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը։ Անծանոթ բառերի բացատրությունները գտիր։ Պատմելով նկարագրիր (գրավոր) այն պատկերը, որ ներկայացված է բանաստեղծության մեջ։ Ներկայացրու այն զգացմունքների ներկապնակը, որ հաղորդվում է այս բանաստեղծությամբ։ Հիմնավորիր՝ ո՞ր տողը, ո՞ր բառը, արտահայտությունը կամ նախադասությունն են հուշում կոնկրետ զգացմունքի մասին։ Սովորիր՝ ինչ է սոնետը։
  2. Էսսե գրիր Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների, դրանցում քո գտած գույների, տրամադրությունների մասին։ Հիմնավորիր ասածդ մեջբերումներով։

Լեզու

  1. Սովորիր տրված բառերի ուղղագրությունը, անծանոթ բառերի բացատրությունը գտիր.

եղեռնագործություն, գերեվարել, առյուծանիշ, մորթազերծ անել, խոյանալ, արքայից արքա, վիհ, հսկայաբեկոր, մեկեն, խրոխտ, գահավիժել։

  1. Տրված հատուկ անունների մասին տեղեկություններ գտիր համացանցից.

Շապուհ, Արտագերս ամրոց, Հայր Մարդպետ, Անհուշ բերդ, Վասակ Մամիկոնյան, Արշակ թագավոր

ՀԱՏՈՒԿ

Կարդա Հովհաննես Շիրազի «Թագադրում» բանաստեղծությունը.

ԹԱԳԱԴՐՈՒՄ

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ի՛նձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկո՛ւմն է ձնծաղիկների՝
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների՝
Նրանց հետ ետ գամ՝ գարունը բերեմ, —
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, —
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադըրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հարցեր և առաջադրանքներ

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
  • Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված։
  • Տեքստից գտիր, թե ինչպիսին են.
    ա) արևի համբույրը, բ) լեռների գահը, գ) լեռները, դ) դաշտերը, ե) դրախտը։
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են «թագավորին»։