03.22.2017

1.Սովորողների էսսեների ընթերցում, քննարկում։ Արևմտահայերենի մի քանի առանձնահատկությունների շուրջ զրույց։

  1. Դանիել Վարուժան։ Կենսագրական փաստեր։ Մեզ ծանոթ բանաստեղծությունները՝ «Անդաստան»- բառի բացատրությունը և կրոնական կարգը։

Զրույց «Հացին երգը» շարքի մասին, «Ցորիանի ծովեր» բանաստեղծությունը, դրանում եղած տրամադրությունը, գույնը։

ՀԱՏՈՒԿ

Կարդա Հովհաննես Շիրազի «Հայ ժողովրդի երգը» բանաստեղծությունը։ Անծանոթ բառերի բացատրությունները գտիր։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սարերն ի վեր,
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծության մեջ։
  • Ի՞նչ է նշանակում՝ «Չեմ նկատում քարեր ճամփիս» արտահայտությունը։
  • Ինչո՞ւ է հերոսն ասում՝ «Ինձ ելնելու սարեր կան դեռ…»։
  • Ինչո՞ւ է բանաստեղծության վերնագիրը «Հայ ժողովրդի երգը»։

Կարդա նաև «Էքսպրոմտ» բանաստեղծությունը։ Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։

Էքսպրոմտ (Շիրազ)
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:

  • Ո՞ւմ է դիմում հեղինակը։
  • Ինչի՞ հետ է համեմատում մեզ՝ հայերիս և ինչի՞ հետ՝ թշնամիներին։
  • Մի քանի անգամ կարդա, անգիր սովորիր բանաստեղծությունը։