10.03.2016

Բացահայտիչ։ Բացահայտիչի տեսակները։ Բացահայտչի հիմնական կետադրությունը։

Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը

Տնային. Կարդալ տրված տեքստը և փոխադրել այնպես, որ տեքստում 5 բացահայտիչ լինի։

Պարոն Պերրիշոնի բարդույթը

Բերնար Վերբեր

«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

19-րդ դարի ֆրանսիացի գրականագետ Էժեն Լաբիշն իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։

Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը փոքրիկ շալի մեջ փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը նրան ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։

Ծառան հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան դրդում ուշադրության արժանացնելու առաջին հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։

Էժեն Լաբիշը պարզորոշ ցույց է տալիս, թե որքան տարօրինակ է մարդն իրեն պահում, որը, քիչ է, որ շնորհակալության ու երախտագիտության զգացում չունի, դեռ մի բան էլ դատապարտում է իրեն օգնության եկածներին։ Հնարավոր է՝ դա պատահում է ինչ-որ մեկին պարտական չլինելու ցանկությունից։ Եվ ընդհակառակը, մենք սիրում ենք նրանց, ում ինքներս ենք օգնել, պարծենում ենք մեր լավ արարքներով ու համոզված ենք, որ նրանք, ում մենք բարություն ենք արել, պիտի ողջ կյանքում երախտապարտ լինեն։