10.25.2019

Հայոց լեզու

Անցած դասի հանձնարարության ստուգում։

Հրամայական եղանակ

Արտահայտում է հրաման, հորդոր։

Գնա՛, տե՛ս թմկա տիրուհուն։

Ունի միայն երկրորդ դեմք, միայն ապառնի ժամանակ։

Հրամայական եղանակի բայերը շեշտ են կրում։

Հրամայականի ժխտականը կազմվում է մի՛  ժխտական մասնիկով, կոչվում է արգելական հրամայական։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ըղձական եղանակ. Ըղձականի ժամանակները։ Ժխտականը։

Ենթադրական եղանակ. ենթադրական և ըղձական եղանակների նմանություններն ու տարբերությունները։ Ենթադրականի ժխտականը՝ բաղադրյալ ժամանակաձև։

Հարկադրական եղանակ. ըղձականի հետ նմանություններն ու տարբերությունները։ Ժխտականը։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

 

Գրականություն

Ավ.Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծության արտասանում։

Այլ բանաստեղծությունների ընթերցում. «Անապատում, միրաժի մեջ մի բեդվին», , «Քնքուշ լուսնի շուշան-փոշին…». «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով…» և այլն։

Վերլուծական շարադրանք գրիր Իսահակյանի բանաստեղծությունների շուրջ։ Ուշադրություն դարձրու նրա բառապաշարին, համեմատություններին, փոխանունություններին։ Ինչպես է պատկեր ստանում, ինչ որոշիչներ է օգտագործում այդ պատկերները գունեղ ու տպավորիչ դարձնելու համար։