11.21.2016

21-25-11-2016 Շաբաթվա առաջադրանքները

21-25-11-2016Շաբաթվա առաջադրանքները՝ հատուկ

Երկուշաբթի (21.11.2016)

Դերբայական դարձված։ Դիմավոր և անդամ բայեր, դերբայներ։ Դերբայ+լրացում կառույցը։ Դերբայական դարձվածը՝ որպես ամբողջական կառույց։ Տրոհվաղ դերբայական դարձվածներ։ Տրոհվող դերբայական դարձվածի տրոհման տարբերակները։

Առաջադրանքներ

  1. Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածները։
  • Այգում զբոսնելիս հանդիպեցի ընկերոջս։
  • Առավոտյան մարմնամարզություն անելն ինձ համար պարտադիր է։
  • Անցորդները, նկատելով ընկած մարդուն, մոտ վազեցին օգնելու։
  • Գնանք մեր տուն՝ մի քիչ հանգստանալու։
  • Շներն իզուր են կաղկանձում՝ թաքնվելով դեզերի մեջ։
  • Գարնանային թարմ օդով արբած՝ չէի ուզում տուն գնալ։
  • Միավոր աշխատանքով զբաղվելը ամեն մեկի խելքի բանը չէ։
  • Մոտեցանք դիմացից եկողին։
  • Ախորժակը բացվում է թթու ուտելիս։
  • Ձու գողացողը ձի էլ կգողանա։

 

  1. Կետադրիր տրված նախադասությունները.
  • Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը։
  • Բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին։
  • Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը։
  • Երկար զգեստի ծալքերն իրար քսելով ներս մտավ կինը։
  • Կինը մեկնվեց խսիրի վրա թաղիքի տակ ծածկելով տղային։
  • Այս չոր ծիրանենու տակ նստած գրում եմ իմ մանկության ծիրանի ծառի ու իմ ընկեր Անդոյի մասին։
  • Օհան ապերը գնում էր գոմը տավարին ապուր տալու։
  • Սաքոն հայացքը Աստղիկի գլխի վրայով պատին գցելով հարց տվեց։
  • Փողոցին դեռ չտասած մայրը լսեց Երեմի ձայնը։

 

ՀԱՏՈՒԿ

 Կարդա առակը։ Անհասկանալի բառերը դուրս գրիր, գտիր դրանց բացատրությունը։ Պատասխանիր հարցերին։ 

Մի ընտանիք հանգստյան օրը անցկացնում էր լողափում: Երեխաները լողում էին ծովում և ավազից ամրոցներ էին կառուցում: Հանկարծ հեռվում երևաց մի փոքրիկ, ծեր կին: Նրա ճերմակ մազերը քամուց ծածանվում էին, հագուստը կեղտոտ էր և պատառոտած: Ինչ-որ բան էր քրթմնջում ինքն իրեն՝ ավազից ինչ-որ առարկաներ վերցնելով և դնելով պայուսակ մեջ: Ծնողները մոտ կանչեցին երեխաներին և պատվիրեցին նրանց հեռու մնալ պառավից: Երբ նա անցնում էր ընտանիքի կողքով, կռացավ, որ ինչ-որ բան վերցնի, և ժպտաց մարդկանց, բայց ոչ ոք նրա ողջույնին չպատասխանեց:
Շաբաթներ անց այս ընտանիքն իմացավ, որ փոքրիկ, ծեր կինն իր ողջ կյանքը նվիրել է նրան, որ լողափից հավաքի ապակու բեկորները, որոնք կարող էին կտրել երեխաների ոտքերը:

  1. Որտե՞ղ էր հանգստանում ընտանիքը։
  2. Ի՞նչ էին անում երեխաները ափին։
  3. Ո՞ւմ տեսան հանկարծ։
  4. Ինչպիսի՞ն էին ծեր կնոջ մազերը։
  5. Ինչպեսի՞ն էին ծեր կնոջ տագուստները։
  6. Ի՞նչ մտածեցին երեխաների ծնողները այդ ծեր կնոջ մասին։
  7. Ինչո՞վ էր իրականում զբաղվում այդ ծեր կինը։

Նկարագրիր այդ ծեր կնոջը՝ նրա արտաքինը, մազերը, հագուստը։ Բնութագրիր այդ կնոջը՝ բարի էր, թե՝ չար, հարգալից էր, թե՝ անհարգալից, եսասեր էր, թե մտածում էր ուրիշների մասին։

Կարո՞ղ ես մեկ նախադասությամբ գրել, թե ինչ է սովորեցնում այս առակը։

Մազերը ծածանվում էին։ նախադասությանն ավելացրու հարցերին պատասխանող բառեր.

  • Ո՞ւմ մազերը։
  • Ինչպիսի՞ մազերը։
  • Ինչի՞ց էին ծածանվում։
  • Ե՞րբ էին ծածանվում։
  • Որտե՞ղ էին ծածանվում։