11.22.2019

Հայոց լեզու

Վերաբերմունքային խոսքի մասեր.

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

  1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
  2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
  3. երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
  4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
  5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
  6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.

ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.

— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Գրականություն

  • Կարդա ամերիկյան գրականության շուրջ գրած շարադրանքդ։
  • «Ամերիկյան գրականություն» նախագծով կարդացածդ ստեղծագործությունների հեղինակների մասին հետաքրքիր տեղեկություններ գտիր համացանցում և հավաքիր դրանք քո բլոգում։
  • Կարդացածդ ստեղծագործություններից ամենահավանածդ հատվածներն առանձնացրու, փորձիր բարձրաձայն ներկայացնել ընկերներիդ։

Կարդում ենք արևմտահայերեն։

  • Ընտրիր ստորև բերված բանաստեղծների ստեղծագործություններից մեկը, սովորիր ճիշտ կարդալ։
  • Վերածիր ընտրածդ բանաստեղծությունն արևելահայերենի։
  • Քեզ անծանոթ բառերի նշանակությունը պարզիր և մտապահիր դրանք։
  • Հետազոտիր քո ընտրած բանաստեղծի կենսագրությունը։ Նախապատրաստվիր ցուցադրությամբ (պրեզենտացիայով) ներկայացնելու նրան և ընտրածդ բանաստեղծությունը։

Պետրոս Դուրյան. «Լճակ», «Տրտունջք»

Միսաք Մեծարենց. «Սիրերգ»«Վայրկեան», «Նավակներ», «Երազի օրեր», «Անանուն»

Դանիել Վարուժան. «Անդաստան», «Ձոն», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ»։