11.25.2016

Միքայել Նալբանդյանի «Մանկության օրեր» և «Ապոլոնին» բանաստեղծությունները։ Դրանց ընդհանրությունները և տարբերությունները։ Տեղեկություններ գտիր Նալբանդյանի կենսագրությունից։ Տեղեկություններ գտիր Ապոլոն աստծո մասին։ Էսսե գրիր Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունների շուրջ։

Մանկության օրեր          

Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․
Ընդունակ միայն ուրախացնելու։

Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։

Գիտակցությունը հաջորդեց սորան․
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․
Որպես փարատիչ տրտում ցավերիս։

Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․
Ուրախացուցիչ չգտա մի լար։

Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։

Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։

Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը․
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։

Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ,
Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան,
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։

Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով․
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով։

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին․
Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։

Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի․
Թո՛ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի։

Թո՛ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում։

«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․
Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։

 

Ապոլոնին

Դու Ապոլոն, որ տվիր
Ինձ այս քնար հոգեմաշ,
Այո՛, գոհ չե՛մ քեզանից․
Տրտնջում է և աշխարհ։

Իբրև պատիժ ինձ տվիր,
Տրտում սրտիս մխիթար,
Թե՞ զգալով չարչարվիլ
Ու չքանալ վայրապար։

Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,
Տո՛ւր ուրիշի, ում կամիս․
Քեզ մի անգամ ասել եմ,
Հիշի՛ր եթե միտք ունիս։

Կյանքիս գարունն է անցել,
Ինձ ուշացած է քնար․
Օտար աշխարհ պանդխտիլ
Ինձ մնում է մշտահար։

Բայց դու, որ քեզ մարդ տկար
Աստված կանչեց ու խնկեց,
Մի՛ կարծեր թե միջաբեկ,
Պիտ’ պաղատիմ դեպի քեզ։

Ես կընդունիմ կամակար,
Թե բախտ անգութ ոխերիմ
Մատռվակե թույն, լեղի
Յուր սափորից, ինձ բաժին։

Բայց ո՛չ երբեք պիտ’ սողամ
Ոտքիդ տակում ինչպես շատ
Մարդիկ, որ չեն իմանում,
Թե էակներ են ազատ։
 

ՀԱՏՈՒԿ

  • Կարդա բանաստեղծությունը, անծանոթ բառը գրիր, գտիր բացատրությունները։
  • Առանձնացրու՝

Ա) Ի՞նչ արեց ձկնիկը։
Բ)Ի՞նչ արեց առուն։

  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը։
  • Դուրս գրիր ինչպե՞ս հարցին պատասխանող բառերը։
  • Մի քանի անգամ կարդա բանաստեղծությունը, հետո նոր էջ բաց և փորձիր հիշողությամբ գրել նույնությամբ։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով: