12.14.2016

1.Սովորողների էսսեները ընթերցում, քննարկում։

  1. Հրացան, պատերազմ, խղճի խայթ, մեդալ, սպանություն, մահապատիժ բառերը որպես հուշում ընդունելով՝ փորձիր գուշակել՝ ինչի մասին է պատմվածքը։
  2. Կարդա ստեղծագործությունը.

ԽԻՂՃԸ

Իտալո Կալվինո
Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

 

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:

Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով՝ ասաց.

-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:

– Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:

-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, որ պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:

-Ի՞նչ է, -ասաց Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ես էլ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:

Նրանք ասացին, թե չգիտեն:

-Ոչինչ, -ասաց Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:

Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:

-Տեսե՛ք, -իրենն էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:

Բայց նրանք չուզեցին լսել:

Լուիջին չէր կարողանում նրանց համոզել իր իրավացիությունը:

-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:

Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում, և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:

Լուիջին թոթվեց ուսերը:

-Եթե այդպես է, -ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:

-Լա՛վ էլ ձեռք տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու:

Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:

«Եթե Ալբերտոյին չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս՝ այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:

Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:

Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, վաղը- մյուս օրը թշնամիները կպակասեն, ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ, պտտվեց հակառակորդի երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

Այդպես շրջելով՝ մեկ էլ հանկարծ գտավ Ալբերտոյին։

-Լավ, -ասաց, -լավ է ուշ, քան երբեք:

Ու սպանեց նրան:

Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

 

  1. Գրավոր պատասխանիր հարցերին.
  • Ինչպես են սկսվում պատերազմները։
  • Ինչով է պատերազմը տարբերվում մարդասպանությունից։
  • Հաստատիր կամ հերքիր, որ պատերազմը օրինականացված սպանություն է։
  • Բնութագրիր Լուիջիին, վերլուծիր նրա վարքը։
  • Հնգյակ գրիր պատերազմի մասին։ Հնգյակին ներկայացվող պահանջներն են.

1-ին տող՝ մեկ բառ՝ անվանումը (պատերազմ)

2-րդ տող՝ երկու բառ՝ առաջին տողին որոշիչներ

3-րդ տող՝ 3-4 բառ՝ գործողություն, որ անում է առաջին տողը

4-րդ տող՝ 4-5 բառ՝ քո վերաբերմունքը 1-ին տողի նկատմամբ

5-րդ տող՝ 1-ին տողի հոմանիշը (բառով կամ բառակապակցությամբ)

Հանգերը պարտադիր չեն։