Ամառային մուտքի ճամբար

Լեզվագոծունեության բաղադրիչ

1-ին օր՝ Հետազոտական վարժարանում գործունեության սկզբունքները.
-Ազատության սահմանները (զրույց)։
-Պատասխանատվություն սեփական կյանքի և գործունեության համար։
-Մեդիակրթություն՝ տեքստ, տեքստի միտումը, տեքստի ենթատեքստերը։
Գործնական՝
Կարդա տեքստը, որոշիր՝ ինչ տեղեկություն է պարունակում տեքստը, ինչից է անհանգստացած, ինչ առաջարկներ ունի, ինչ մտավախություններ է արտահայտում։

Ինչ ես կարծում՝ ինչ դեպքի առիթով կարող է սա գրված լնել։
Համաձայնիր կամ հակադրվիր հեղկնակի արտահայտած մտքերի հետ։
Գտիր, թե տեքստը երբ է գրվել և ով է գրել։
Տեղեկություններ գտիր հեղինակի մասին։
Կարդա հեղինակի այլ գրառումներ ևս. փորձիր բնորոշել այս հեղինակի դիրքորոշումը։

Եթե համարում ենք, որ դրսից բերված մշակույթն է խնդիրը բանակից օր ու մեջ ստացվող էս բոթերի (պնդման ճիշտ ու սխալը հաջորդիվ), ի՞նչ է ձեռնարկում պետությունը, որ մինչև բանակ հասնելը ա. այդ մշակույթը հաղթահարվի, բ.բացառվի այդ մշակույթի գոյությունն իսկ մինչբանակային տարիքի տղաների մոտ։ Կա՞ ռազմավարություն, ծրագիր արդեն դպրոցներում միջանձնային հարաբերությունների հոգեբանություն դասավանդելու, քրեական մշակույթն արմատախիլ անելու, թե՞ էսպես ասելու ենք դրսի մշակույթ է ու սենց ահ ու սարսափով հետևենք, թե լուրերում հերթական բոթը երբ ենք կարդալու։

Եթե կույր չենք ձևանում ու ընդունում ենք, որ բանակի ներսում էլ միջանձնային հարաբերությունների կարգավորման խնդիր կա, ի՞նչ ենք անում սպայական անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու, կանոնադրական հարաբերություններն ամրապնդելու, յուրաքանչյուր մարդու, անհատի արժանապատվության ու կյանքի՝ որպես բարձրագույն արժեքի մասին պատկերացումներն անսասան դարձնելու համար։ Ինչ ենք անում որպես պետություն, որ սպան, ապագա հրամանատարն ու ներկա առաջնորդը ոչ միայն լավ կրթություն ստանա նաև որպես հոգեբան, այլ նաև սոցիալական այնպիսի պայմաններ ունենա, որ հոգեբանորեն չխեղվի ու չխեղի։

Եթե համարում ենք, որ խաղաղության հասնելը մեր «թասիբից» վեր է ու դեռ տարիներ շարունակ 18 տարեկաններին բեղատեղը սևանալուն պես ձեռքները զենք ենք տալու, քանի՞ հետազոտություն ենք արել՝ հասկանալու, թե հոգեբանական ինչ տրավմաների միջով ենք անցկացնում էդպիսով մեր հասարակության մի զգալի մասին, թե՞ սովետը մի բան գիտեր, որ էդպես էր վարվում, էլ վերանայելու կարիք չկա ոչինչ։

Եթե համարում ենք, որ միայն պայմանագրայիններով առաջնագիծ պահել չի լինի, որովհետև համ թանկ է, համ էլ երիտասարները ամենից քաջ են անձնազոհաբար կռվում մինչև վերջ, ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում առաջնագիծն իսկապես այնպիսի վերազինման ենթարկելու, որ առաջնագիծ պահելը անձնազոհություն չենթադրի միայն։

Մենք՝ որպես հասարակություն ու պետություն էս ու բազում այլ հարցերի պիտի շիտակ հայացքով առաերեսվենք ու պատասխաններ փնտրենք, այլապես մարդ մտածում է՝ գուցե ճիշտը ուրիշ քաղաքացիություն ձեռք բերելն ու ֆեյսբուքում «ոչմիթիզիկան» դառնալն է. անհնար է անվերջ ապրել էն գիտակցությամբ, որ ամեն օր քայլ առ քայլ մոտենում ես մի սահմանի, երբ չգիտես քաղաքակիրթ հասրակության, թե վայրի պայմանների համար մարդ դաստիրակես։

2-րդ օր՝ ընթերցանություն
-Կարդա՛ Լեոպոլդո Լուգոնեսի «Մահացած մարդը» պատմվածքը։
-Գրավոր ընդհանրացրու տպավորություններդ պատմվածքից։
-Որակի՛ր «խենթի» պահանջը՝ ճանաչել իրեն մահացած։ Դիտարկի՛ր այդ պահանջը սոցիալական ընկալման համատեքստում (փոքրիկ հետազոտություն՝ ինչ է սոցիալական ընկալումը, ինչպես է այն ազդում մեր աշխարհընկալման վրա, ինչպես է տեսությունն արտահայտված պատմվածքում)։
-Մտքերդ գրառիր ուրիշի ազդեցությամբ անհատի վարքի դրսեւորումների մասին։
-Մեկնաբանի՛ր «Ոչնչի ծարավը սարսափելի բան է» արտահայտությունը։
-Առանձնացրո՛ւ քո կարծիքով ամենաառանցքային հատվածը, հիմնավորիր ընտրությունդ։
-Գրառումներդ տեղադրիր բլոգումդ։

3-րդ օր՝ տպավորությունների ամփոփում

-Բանավոր ներկայացրու տպավորություններդ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շուրջ։
-Բլգումդ ներկայացրու.
ա)Կրթահամալիրի կառուցվածքը (հնարավորինս ազատ շարադրանքով)
բ) Կրթահամալիրի տված հնարավորությունները
գ) Կրթահամալիրում սովորողկ վարքի սկզբունքները
դ) Կրթահամալիրում սովորելուց քո սպասելիքները։

  • Տեղեկություններ գտիր Արատես գյուղի, Արատեսում մեր դպրական կենտրոնի և այդտեղ իրականացվող մուտքի ճամբարների մասին, ներկայացրու բանավոր և գրառիր բլոգումդ։

Թողնել մեկնաբանություն