Լրացուցիչ կրթության նախագծեր

Ռադիո

Աուդիոնյութն արդեն հիմնավոր տեղ ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական լեզվագործունեության մեջ։ Մեր սովորողները կարողանում են կիրառել թվային ձայնագրիչը, ոմանք նաև հմտորեն մոնտաժ են անում։ Ռադիոնախագծերը նաև նպաստում են սովորողի մեջ զարգացնելու էվրիստիկ խոսքի, հարց ու պատասխան կազմակերպելու, լսելու, ինչպես նաև արտասանական մի շարք հմտություններ։

Ավագ դպրոցում նախատեսում եմ երկու ռադիոնախագիծ.

  1. Շարունակում ենք անցյալ տարվանից սկսած «Էթիկետ» ռադիոնախագիծը, որի նպատակն է, վերը նշված հմտություններից բացի, նաև հարթակ դառնալ սովորողին, դասավանդողին, ինչպես նաև ընդհանրապես ժամանակակից մարդուն հուզող խնդիրների քննարկման համար։ Թեմաներն ընտրում են սովորողները, հարցազրույց կազմակերպում են նույնպես սովորողները։
  2. Լրատվական ռադիո «Սուրհանդակ», որի նպատակը կրթահամալիրի իրադարձությունների լուսաբանումն է և լրատվության կազմակերպումը։

«Թարգմանիր» թարգմանական պարբերական

 Մայրենի լեզուն մշակելու հետաքրքիր և գործուն տարբերակ է թարգմանությունը։ Սովորողը թարգմանության ժամանակ ոչ միայն պիտի ասի այն, ինչ գրված է, այլև այնպես ասի, ինչպես գրված է։ Եթե հաշվի առնենք նաև, որ թարգմանելիս առնչվում ենք կայուն կապակցությունների, դարձվածքների, մշակութային արտահայտությունների ու արքետիպերի, որոնց թարգմանության համար հարկավոր է փնտրել-գտնել հայերեն համարժեքները, պարզ կդառնա, որ թարգմանության միջոցով մշակվում են ոչ միայն լեզվական, այլև մտածողական կարողությունները։
«Թարգմանիրը» սկսել է գործել անցյալ տարվանից։ Այս տարի նախատեսում ենք ունենալ օրվա հրատապ լուրերի, հետաքրքիր տեղեկությունների և գեղարվեստական տեքստերի հստակ բաժանում։
Նախատեսում ենք նաև ակտիվ համագործակցություն օտար լեզուների ուսուցիչների և խմբերի հետ՝ նրանց ևս ներգրավելով պարբերականի հրատարակման գործում։
«Թարգմանիրը» նաև «Թարգմանիչ» ալմանախի ամենակայուն աղբյուրն է։

Ասմունք

Արագ տեղեկություն ստանալու միջոցները մեր դարում հիշողության կարևորությունը երկրորդական են դարձնում։ Իսկապես, անհրաժեշտություն չկա հիշելու այն տեղեկությունները կամ տվյալները, որ հեշտությամբ կարող ենք գտնել համացանցում կամ գրի առնել մեր «խելացի» հեռախոսներում։
Սակայն գեղարվեստական մտածողությունն ու խոսքի նկատմամբ հոգատար մոտեցումը պահանջում են բերանացի անել գոնե չափածո այն տողերը, որ մեկնաբանության ենթարկելիս խաթարվում են, բայց մեր ենթագիտակցության վրա ազդում են զգացմունքի մակարդակով կամ համադրումների միջոցով։
Նախատեսում ենք պարբերաբար հրապարակային ասմունքով խոսելու այս ձևի վրա հրավիրել սովորողի (բոլոր տարիքի, այդ թվում մեծահասակ) սովորողների ուշադրությունը։

Ծրագրում՝

  • Հայ դասական պոեզիա
  • Սփյուռքահայ և արևմտահայ պոեզիա
  • Ժամանակակից պոեզիա
  • Համաշխարհային պոեզիայի նմուշներ
  • Սովորողի ընտրությամբ գեղարվեստական հատվածներ

Հայաստանի թանգարաններով

 Թվում է՝ թանգարաններն իրենց բնույթով մեռած հիշողություններ են, որ հետաքրքիր քիչ բան ունեն։ Բայց թանգարաններում մեր պատմությունն է՝ իր հայտնի ու ոչ այնքան հայտնի էջերով։ Հայաստանը իսկապես թանգարան է բաց երկնքի տակ իր կոթողներով ու տեսարժան հրաշալի վայրերով, ինչը հետաքրքիր է դարձնում մեր երկիրը աշխարհի ամենատարբեր երկրների քաղաքացիների համար։ Զբոսաշրջությունը զարգացնելու նպաստավոր այս պայմանը նաև հարմար առիթ է մեզ օտարներին ներկայացնելու համար։ Բայց ներկայացնելուց առաջ հարկավոր է ճանաչել։ Ինքնաճանաչման դուռ են թանգարանները, պատկերասրահնեն ու տուն-թանգարանները։ Նման ճամփորդությունները նաև մասնագիտական կողմնորոշում կարող են լինել սովորողների համար։ Այցելած թանգարանի, դրա պատմության, ցուցադրության, թանգարանի աշխատողների տրամադրվածության մասին գրավոր և բանավոր նյութերը, որպես լեզվագործունեություն, նպաստելու են նաև սովորողների խոսքի մշակմանը։ Մեր տրամադրության տակ են Հայաստանի թանգարանները՝

Երևանում

  1. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
  2. Էրեբունի թանգարան
  3. Մատենադարան
  4. Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններ
  5. Թումանյանի, Չարենցի, Իսահակյանի, Աբովյանի թանգարաններ
  6. Պատկերասրահներ և այլն

 Գյումրիում

  1. Գյումրու կենցաղի Ձիթողցոնց թանգարան
  2. Ավ.Իսահակյանի տուն-թանգարան
  3. Հովհ.Շիրազի տուն-թանգարան
  4. Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան և այլն

Դսեղում

  1. Թումանյանի տուն-թանգարան

Սիսյանում

 Համո Սահյանի տուն-թանգարանը

Գորիսում

Բակունցի, Սերո Խանզադյանի տուն-թանգարաններ

և այլն։

4 thoughts on “Լրացուցիչ կրթության նախագծեր

Թողնել մեկնաբանություն